Երբ մենք պատկերացնում ենք մեր իդեալին, նրան ենք վերագրում մարդկային ամենասքանչելի հատկանիշները և անթերի գեղեցկությունը: Անկասկած մեզանից շատերն են մտովի իրենց իդեալին կերտել, երևակայել են մեծ սիրո մասին, հմուտ սցենարիստի նման հորինել իրենց ամբողջ կյանքը՝ ոչ մի մանրուք բաց չթողնելով:
Բայց իզուր չէ, որ Աստված մեզ երևակայելու շնորհ է տվել:
Երևակայում են նրանք, ովքեր իրատես են, քանզի գիտակցելով, որ իրական կյանքում իդեալներ գոյություն չունեն և մարդու անբաժան ընկերը հենց թերությունն է՝ նրանք մտովի անցնում են իրականի ու անիրականի այն սահմանը, որտեղ իրենց իսկ ձեռքերով կատարյալ կյանքն են գծագրում: Սակայն ես իդեալ չեմ փնտրում, ես սիրում եմ «նրան», քանի որ նա թերի է, թերավարտ, թերհավատ, թերամիտ գուցե և մի քիչ թերհաս, թերկամ և թերարժեք: «Նա» իմ իդեալը չէ, ընդհակառակը՝ «Նա» այնքան հեռու է Իդեալ կոչվելուց, բայց այնումենայնիվ ես սիրում եմ «նրան»:
Ես սովորել եմ կյանքում ապրել, իսկ քնի մեջ՝ երազել: Այդ իսկ պատճառով ես չեմ ձգտում կատարելիության, ես սիրում եմ սխալները, քանի որ դրանք ինձ ճիշտն են սովորեցնում: Ես չեմ հրաժարվում երևակայելուց, դա անփոխարինելի դեղամիջոց է իրականությունից կտրվելու համար, բայց երբ վերադառնում եմ իրականություն, հասկանում եմ, որ կյանքը ինքնին երևակայություն է, որտեղ ամեն ինչ նախասահմանված է: Աստծո երևակայությունը կյանք ծնեց, իսկ մարդունը՝ ոչինչ:
Դե պատահական չէ, որ այսքան ծամծմում եմ, քանի որ ուզում եմ գտնել այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է Սերը: Սերը ո՛չ զգացմունք է, ո՛չ կապվածություն, ո՛չ կիրք, ո՛չ խանդ, ինչ-որ մեկի համար գժվելը չէ սերը, ոչ էլ ինչ-որ մեկից բացիկ ստանալը: Եվ գիտեք ինչ կա, ես ամենևին չեմ ցանկանում լինել Աստված, քանի որ, եթե իմանայի՝ ի՞նչ է սերը, կդադարեի մարդ լինելուց: Իսկ չեն սիրում նրանք, ովքեր գիտեն, թե ինչու են սիրում: Երբ ինչ-որ մեկին սիրում ես նրա գեղեցիկ աչքերի, անթափանց ժպիտի կամ անսպառ հումորի համար, ապա դու նրան չես սիրում:
Իսկ ես սիրում եմ նրան, քանի որ չգիտեմ, թե ինչու եմ սիրում:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2013/10/blog-post_7.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել