Նստած էի Ակադեմիայի աստիճանների վրա՝ դիմացս ԱԺ֊ն։ Անձեռոցիկների հաստ շերտը ծնոտիս սեղմած սպասում էի շտապօգնությանը։ Հետո ոնց֊որ թատերական արար լիներ․ բեմ բարձրացավ ծանոթ դեմքով մի աղջիկ, ամառային ուրախ֊գույնզգույն շորերով, ժպտաց՝ «Բարև, լա՞վ ես»։ Ես չէի կարող ժպտալ, բայց անձեռոցիկները ավելի ուժեղ դեմքիս սեղմեցի ու պատասխանեցի «Հա, դո՞ւ ոնց ես»։

Ի պատասխան նա նորից ժպտաց ու միայն երբ անհետացավ «բեմից», ես հիշեցի ով էր՝ նախկին կոլեգաս։ Որտեղի՞ց այս պահին այստեղ հայտնվեց, չհասկացա։ Ու ոնց էլ ոչինչ չնկատեց․․․

Հետո, երեկոյան ավելի ուշ, երբ հիվանդանոցից դուրս եկա, շոշափում էի դեմքիս վիրակապերն ու ուսումնասիրում շապիկիս վրայի արյան հետքերը, անդրադարձա, որ առաջին հարվածը քունքիս էր եղել․ սաղավարտս այն հետ էր մղել ու փոխանցել ծնոտիս։ Ի՞նչ էր լինելու, եթե սաղավարտս դրած չլինեի։ Ինձ չէր թվում, որ ամեն ինչ այսքան «լավ» վերջացած լիներ․․․

Ինձ մնար՝ սաղավարտ չէի էլ գնի, անկապ թանկ արժեն ու քշելուց էլ խանգարում են։ Հոնկոնգում էի գնել ու միայն էժան գնի համար։ Շամ Շուի Պոյով մի երեկո ես ու Մհերն թափառում էինք ու մի խանութ ընկանք, որտեղ շատ էժան հեծանվային պարագաներ էին վաճառում։ Իսկ Հոնկոնգ էլ չէի գնա, եթե դրամաշնորհ ստացած չլինեի, իսկ դրամաշնորհի համար չէի դիմի եթե․․․

Սաղավարտս ինչ֊որ երկար շղթայի օղակներից մեկն էր․ միայն մի չնչին փոփոխություն այդ շղթայում ու հիմա ես տուն չէի քայլի, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել