Hetq.am-ը գրում է.
Հայաստանում ախտահանիչ նյութերի շուկայում կեղծ արտադրանքի շրջանառության վերաբերյալ ահազանգել է «Խաչպար ՍՊԸ»-ի հիմնադիր տնօրեն Սմբատ Բալասանյանը։ Նրա խոսքով՝ Optimax անվամբ ախտահանիչ նյութի կասկածելի խմբաքանակ է վաճառվում, որը, ըստ պաշտոնական ներկայացուցչի, ոչ միայն կեղծ է, այլեւ կարող է սպառնալ հանրային առողջությանը։ Գրում է Հետքը։
Optimax ապրանքանիշի ախտահանիչ միջոցները Հայաստանում օգտագործվում են բուժհաստատություններում, ատամնաբուժական կլինիկաներում, գեղեցկության սրահներում՝ գործիքների, մակերեսների և բժշկական սարքավորումների ախտահանման համար։ Optimax-ը խտանյութ է, որը նոսրացվում է ջրով, այն օգտագործման հատուկ եղանակ ունի։
Ախտահանիչ նյութեր Հայաստան ներմուծող «Խաչպար ՍՊԸ»-ի ղեկավար Սմբատ Բալասանյանը «Հետքին» պատմել է, որ սեփական ուսումնասիրությամբ պարզել է, թե որտեղ են վաճառվում կեղծ ախտահանիչ միջոցները, ապա դիմել է վերահսկող պետական կառույցներին, բայց, սպառիչ պատասխան չստանալով, որոշել է բարձրաձայնել:
«Խաչպար ՍՊԸ»-ն զբաղվում է բժշկական պարագաների, ատամնաբուժական նյութերի, ախտահանիչ միջոցների ներմուծմամբ, մեծածախ և մանրածախ վաճառքով։ «Ընկերությունը մի շարք արտասահմանյան արտադրողների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ախտահանիչ միջոց արտադրողներից մեկի՝ ИНТЕРСЭН-плюс ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
Ինչպես է բացահայտվել կասկածելի վաճառքը
2025-ի նոյեմբերին Սմբատ Բալասանյանին է դիմել իր հաճախորդներից մեկն ու ասել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի 22Ա տաղավարում Optimax անվամբ ապրանքը վաճառվում է անհամեմատ ցածր գնով՝ մոտ 1200-1300 դրամ, մինչդեռ պաշտոնական ներմուծողը նույն խտանյութը մեծածախ վաճառում է 4500 դրամով։
Տարիներ շարունակ «Խաչպար» ՍՊԸ-ից ախտահանիչ նյութեր և բժշկական պարագաներ ձեռք բերող հաճախորդը ընկերության տնօրենին խնդրել է պարզաբանել, թե ինչպես է նման բան հնարավոր։
Սմբատ Բալասանյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք է բերել ախտահանիչ միջոցը։ Վաճառքի կտրոնում նշված էր, որ ապրանքը վաճառվել է ավելացված արժեքի հարկով։ Բալասանյանի խոսքով՝ ախտահանիչ միջոցները Եվրասիական տնտեսական միության շրջանակում դասակարգվում են 380894 կոդով, որն ազատված է ինչպես ԱԱՀ-ից, այնպես էլ ակցիզային հարկից։ Այս կարգավորումը գործում է նաև Հայաստանում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



