Hartak.am-ը գրում է.
Զավեշտալի է, բայց փաստ. ինչքան էլ, որ տարիօրինակ չհնչի, բայց այս հոդվածս գրելու համար շարժառիթ հանդիսացավ իմ և մի սովորական ՍՊԸ-ի տնօրենի խոսակցությունը: Խոսակցությունը սկզբից գնում էր շատ հանդարտ, սկսեցինք խոսել Հայաստանում ընդունված «դեսից դենից» ոճով, իմ զրուցակիցը անսպասելի ասած, որ սուտ է այն պնդումը, որ Հայաստանում հնարավոր չէ նորմալ ճանապարհներով հարստանալը և, ի փաստ, մատնանշեց իրեն, որ ինքն այսօր բավականին հարուստ մարդ է և կարելի է ասել՝ զրոյից է սկսել: Դրանից հետո մոտ մի 10 րոպե խոսում էինք ընդհանրապես այդ թեմայի հետ կապ չունեցող երևույթների մասին և հանկարծ ինքը, մոռանալով քիչ առաջ հնչեցրածի մասին, սկսեց ժողովրդական լեզվով ասած «գլուխ գովալ» իր կապերով:
Որպեսզի ավելի արտահայտիչ լինի թույլ տվեք նրա խոսակցությունից մի դրվագ Ձեզ ներկայացնել/ բառ առ բառ այնպես, ինչպես ինքն է ասել/.
«…Դե ես այդտեղ խնդիր չունեմ՝ քավորս պատգամավոր է, էլ չեմ ասում, որ Վ…նախարարությունում ԾԻԳ-ի պետը մանկությանս ընկերն է, էտ էլ հեչ մի հատ հարևան ունեմ «եքա» պաշտոնյա է, իրա ցավը տանեմ, իրա հետ «կոլխոզ» մի հատ ընենց տենդեր ենք շահել, որ մի երեք տարի ոչինչ էլ չանեմ հերիք է…»:
Հարգելի ընթերցողներ, լավ ես չէ գոնե Դուք ասեք վերոհիշյալ հարուստ ՍՊԸ-ի տնօրենին կարելի է համարել նորմալ ճանապարհով հարստացած բիզնեսմեն, թե՞ ոչ: Նույն ժողովրդական լեզվով ասած սենց կապերով «պապս» էլ կհարստանար: Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան չկա. մարդը օգտագործում է իր կապերը և բարգավաճում, սակայն, երբ խորն ես նայում այն տենդերը և նմանատիպ մրցույթները, որը նա շահել է իր «կոլխոզ, օրթախ» հարևանի հետ՝ չէ՞ որ սահմանափակել է մի այլ ՍՊԸ-ի տնօրենի հնարավորությունները, չէ՞ որ շատ հնարավոր է, որ այլ ՍՊԸ-ի տնօրենի ներկայացրած ծրագիրը ավելի լավը և ժողովրդի համար ավելի հանրօգուտ լինել, սակայն ցավոք սրտի չունենալով պաշտոնյա հարևան նա ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Դե արի այս պայմաններում սփյուռքի բիզնեսմեններին հորդորի այստեղ ներդրումներ անեն, ինչքան էլ չհորդորես, չէ՞ որ նրանք մեզանից լավ են հասկանում, որ առանց լավ ընկերոջ, կամ հարևանի ոչ մի բիզնես Հայաստանում չի կարող ծաղկել:
Հ.Գ. Այստեղից պետք է սկսել փնտրել հարստության երջանկության մեխանիզմի նրբությունները…
Կարեն Թումանյան