Hartak.am-ը գրում է.
Առանց այն էլ ամեն արժող-չարժող առիթով ուրախացնում ենք մեր թշնամիներին: Նրանք ամեն ինչից դիվիդենտներ են քաղում: Օրինակ, գրում ենք, որ արտագաղթը աճում է, նրանք անմիջապես «ուռաաա» են գոռում, ասում ենք, որ մեր երկրի տնտեսական վիճակը ահավոր է, նրանք անմիջապես արձագանքում են իրենց կայքերում, փաստում ենք, որ մեր մոտ ամենաթողության և անպատժելիության մթնոլորտն է տիրում, նրանք, իրենց վատը թողած, անմիջապես սկսում են ֆետիշացնել մեր ամենաթողությունը և… Ինչ վերաբերվում է Զվարթնոց օդանավակայնում Զարուհի Փոստանջյանին դիմավորելուն. թե իշխանամետ, թե ընդդիմադիր ներկայացուցիչները յուրովի են պատկերացնում այդ դիմավորումը: Մեկը ասում է, որ պետք է խայտառակ անել նրան հենց օդանավակայանում, մյուսը գտնում է, որ ընդհակառակը՝ պետք է դիմավորել ինչպես «հերոսի»: Երկու կողմերն էլ հրապարակավ պատրաստ են արտահայտելու իրենց վերաբերմունքը՝ ուղղված Զարուհի Փոստանջյանին, սակայն նրանցից որևէ մեկի մտքով արդյոք անցնում է, որ նույն ադրբեջանական կայքերը հիմա անհամբերությամբ սպասում են այդ հանդիպման արդյունքներին, որպեսզի իրենց ատելությունը ևս մեկ անգամ ցույց տան մեր ազգին՝ իրենց կեղտոտ հրապարակումներով ողողելով ադրբեջանական և արտասահմանյան կայքերը: Միգուցե պետք չէ՞ այս դիմավորումից շոու սարքել, միգուցե այս քննարկումները կամ գնահատականներ տալը տեղափոխել ավելի լո՞ւրջ աուդիտորիաներ… Խնդրում եմ ճիշտ հասկանալ ինձ, ես իմ հոդվածներում բավականաչափ քննադատել եմ Զարուհու վարվելաձևը, բայց չեմ գտնում, որ ճիշտ է այս թեման անընդհատ շահարկել:
Հ.Գ. Պետք է ուղղակի անհրաժեշտ հետևություններ անել, որպեսզի «փոստանջյանիզմ» երևույթը այլևս չկրկնվի:
Կարեն Թումանյան