Ինդոնեզիացի լուսանկարիչ Սուկրոն Մամունը գերում է արվեստասերներին իր լուսանկարների վառ և հրաշալի շարքով, որոնցում պատկերված է Ինդոնեզիայի գյուղական բնաակչության կյանքը: Սուկրոն Մամունի լուսանկարչական արվեստն աչքի է ընկնում իր բազմազանությամբ` ընդգրկելով բնապատկերներ, ծովանկարներ և կոլաժներ, որոնք գրգռում են երևակայությունը:
Սուկրոնի լուսանկարների շարքում կան բացառիկ բնապատկերներ, որոնցում պատկերված են լեռներ, սքանչելի գետեր և մշտադալար անտառներ: Լուսանկարներում միահյուսված են մշակույթը, ավանդույթները և շրջակա միջավայրը:
Վերջերս Սուկրոն հարցազրույց է տվել` պատմելով իր արվեստի մասին: Ստորև ներկայացված է այդ հարցազրույցը:
Ինչպիսի՞ նախապատրաստական աշխատանք եք տանում ֆոտոսեսիայից առաջ:
Ես հատուկ նախապատրաստություններ չեմ տեսնում: Ես ազատություն եմ տալիս երևակայությանս ու անմիջապես գործի անցնում: Միայն մի շատ կարևոր հանգամանք կա, որ պետք է անպատճառ հաշվի առնել: Դա լույսի ուղղությունն է, քանի որ լուսանկարը ռեալիստական տեսք կունենա միայն այն դեպքում, եթե հաջողվի ճիշտ բռնացնել լույսը:
Ինչի՞ եք ձգտում հասնել Ձեր լուսանկարչական արվեստի շնորհիվ:
Ես իմ լուսանկարչական գործունեության մեջ ոչ մի առանձնահատուկ նպատակի չեմ ձգտում հասնել: Ես պարզապես ցանկանում եմ կիսվել իմ սահմանափակ գիտելիքներով, որ ձեռք եմ բերել տարիների ընթացքում: Ես նաև ձգտում եմ իմ լուսանկարների միջոցով աշխարհին ցուցադրել իմ երկիրը, իմ ժողովրդին, իմ մշակույթը և Ինդոնեզիայի պարզ կյանքը:
Որոնք են այն երեք ամենակարևոր խորհուրդները, որ կտայիք Ինդոնեզիայում ճանապարհորդել պատրաստվող լուսանկարիչներին:
Բոլոր լուսանկարիչներին խորհուրդ կտայի նախ և առաջ համոզվել, որ իրենց լուսանկարչական սարքը սարքին է: Խորհուրդ կտայի նաև նախքան ճանապարհորդություն պլանավորելը պարզել, թե ինչպիսի եղանակ է սպասվում, ինչպես նաև առանց հապաղելու շփվել Ինդոնեզիայի ժողովրդի հետ, քանզի նրանք շատ ընկերասեր և հյուրընկալ են:



