Մեղքերով լցված սենյակում ընկած ես 
ու սպասում ես թե ով է ձեռք մեկնելու քեզ…
Ինչ որ մեկի աչքերը դեռ փակ են, ու չես համբերում… 
Սողում ես դեպի դուռը, որը քոնը չէ,
չես համբերում, որ Նա
Արթնանա, բացի աչքերը…
Համբերությունը կյա՞նք է…
Ո՜չ…
Տանջանք…մինչև Նրա արթնանալը…

Նա կարթնանա…
Նրա երկար ոտքերը քեզ կբերեն այնքան անհրաժեշտ
գժվեցնելու բույր արձակող սև հեղուկը, 
որի բույրն էլ կխառնվի նրա ոտքերի բույրին ու 
վերջապես կըմպես առավոտյան աստվածային նեկտարը՝
ձեռքդ նրա ոտքին,
աչքդ նրա կիսաբաց կրծքին,
շուրթդ նրա շրթին,
մազերդ խառնված նրա մազերին կդառնա մի լիցքավորված կծիկ
ու ամեն մի փոքրիկ շփում կլինի կարճ միացում…
Համբերությունը կյա՞նք է…
Ո՜չ,
Պայթյո՛ւն…

Սարսափ, որ գիտակցում ես թե ինչքան կարճ է տևելու…
Ո՜չ, 
չես գիտակցում, վստահ գիտես ու
այդ կարճ միացման կարճ ժամանակն է վախեցնում…
բայց համբերում ես, չէ որ
ինչ որ մեկի աչքերը դեռ փակ են…
իսկ դու դեռ տանջվում ես մտածելուց…
բղավում ես, ընկնում ես հանգիստ, 
չէ որ կնկնես սիրո թևերին, բայց ինչու բղավել
ուղղակի հարկավոր է ասել. «Ես մոլորվել եմ»
ոտքիս տակից պատահմամբ գլորվել ու ծովն են ընկել
ինչ որ քարեր, ներծծված կրքով…
փնտրում եմ…
իսկ նա կասի «Հանգիստ, մի քիչ էլ համբերիր…»
համբերում ես, չէ ո՞ր
ինչ որ մեկի աչքերը դեռ փակ են…
Համբերելն այստեղ դառնում է կյանք…
Համբերությունը կյա՞նք է…

Համբերի՜ր…
Կհասնես տուն, կմտնես քո սառը անկողինն ու
նորից կսպասես…կսողաս արդեն դեպի քո դուռը, որը
թակող չունի արդեն վաղուց… 
Համբերի՜ր…
հաջորդ մնացած օրերին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել