Econews.am-ը գրում է.

Հոկտեմբերի 4-ը  կենդանիների պաշտպանության միջազգային օրն է:  

Ինչպես հայտնի է, ՀՀ  Կարմիր գրքում  այսօրվա դրությամբ  գրանցված են 155  անողնաշարավոր  և  153  ողնաշարավոր կենդանիներ: Թեև տարեցտարի  Կարմիր գրքում ներառված կենդանիների ցանկը մեծանում է, սակայն   Հայաստանի բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը  դա բացարտում է ոչ միայն պահպանության ցածր  մակարդակով. «Վերջին Կարմիր գիրքը հրատարակվեց 2010թ-ին, այն ավելի հաստացավ,սակայն   սա ոչ միայն վատ  պահպանության հետևանք էր, այլև  այն բանի, որ մենք  նոր Կարմիր գիրքը մշակեցինք՝ ելնելով Բնության պահպանության միջազգային միության չափորոշիչներից: Այդ չափորոշիչներով  գնահատելու  հետևանքով Կարմիր գրքում տեղ գտան ավելի շատ կենդանիներ»,- բացատրում է Արամ Աղասյանը:

 Որքանո՞վ են պաշտպանված  կենդանիները  Բնության հատուկ պահպանվող տարածքներում: Այս հարցը  հուզում է ցանկացած կենդանասերի, քանի որ  կարծես  սովորական է դարձել կարդալ  Կարմիր գրքում գրանցված  կենդանու որսի մասին լուրեր: Արամ Աղասյանը վստահեցնում է, որ ամեն դեպքում նախարարությունը միջազգային կառույցների աջակցությամբ վերջին 5-6  տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր  է իրականացվում. «Մասնավորապես, Խոսրովի և Շիկահողի պետարգելոցներում կատարվել են Հայկական իժի տեղաբաշխման,   բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, հովազի, կովկասյան ընձառյուծի արելաների ճշգրտման ուսումնասիրություններ,  ինչպես նաև որսագողության դեմ պայքարի  ծրագրեր են իրականացվել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կենդանիների իրավական պաշտպանվածությանը, ապա  այս առումով թեև  յուրաքանչյուր կենդանի պաշտպանված է  Կենդանական և բուսական աշխարհի մասին և  ԲՀՊՏ-ների մասին օրենքով, սակայն  կան նաև մի շարք բացեր:

«Ցանկալի է, որ  օրենսդրական դաշտը կատարելագործվի՝ հատկապես մեր շուրջն ապրող կենդանիների պաշտպանության մասով: Օրենսդրության մեջ կան բազմաթիվ բացեր: Օրինակ՝ Վարչական իրավախախտումների օրենքով մենք ունենք  ընդամենը  սահմանված տուգանքներ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի  համար:  Այսօրվա քաղաքակիրթ երկրներում  ընդունված մեթոդ է ոչ թե կենդանիների անօգուտ  ոչնչացումը՝ կրակելու միջոցով ,  այլ ստերիլիզացումը  և բաց թողնումը նույն վայրում»,- նշեց  Արամ Աղասյանը և  հավելեց.

«Որպես մասնավոր օրենսդրական դաշտ կարելի է  նաև Կարմիր գիրքը վերցնել որպես  պահպանության օրենսդրական ձև, որտեղ  ընդգրկված կենդանիները  հատուկ ուշադրության են արժանի, և  նրանց նկատմամբ ապօրինի որս կատարողները  հնգապատիկի չափով են տուգանվում»,-ասում է Արամ Աղասյանը:

Արամ Աղասյանի խոսքով, ըստ  IUCN –ի չափորոշիչների՝  ամենակրիտիկական վիճակում են գտնվում   հովազը և Դարևսկու իժը:

Ի դեպ,  Արամ Աղասյանն ինքը կենդանասեր է: Դեռ 5 տարեկանից տարբեր կենդանիներ է պահում,  շներ, ձկներ,  նույնիսկ օձեր ու մողեսներ:

«Սա այն կարևորագույն օրն է, երբ սովորական քաղաքացիները պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան  կենդանի արարածների  նկատմամբ, որոնք մեր կողքին ապրելու իրավունք ունեն», -ասաց Արամ Աղասյանը:

Հիշեցնենք, որ Կենդանիների  օրը  նշելու որոշումն ընդունվել է 1931թ-ին Ֆլորենցիայում, բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի  ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել