Գիշերվա խորուն խորհերի ներքո, ես կորցնում եմ իմ եսը անգամ, ու որտեղ փնտրեմ, որտեղ որոնեմ, մեկ է չեմ գտնի թափառող հոգիս: Անճարությունից մթագնում եմ ես, դողում եմ անգամ արևի կողքին, և անհաս փառքի հորձանուտներում նորից խաբվում եմ ինքս իմ կողմից: Ինչպես կարող եմ ապրել ես միայն, ինչպես կարող եմ ես չերազել, ապրել ինչպես անհույս պատանի, ով չունի ոչինչ, չունի և անցյալ, և իր սուտ կյանքը երազանք չունի: Ես վախենում եմ երազել այնպես, որ երազ դառնա իմ տկար հոգին, որ մխրճվի անդունդը մահվան և ելք չգտնի սուր ճիրաններից: Ես վախենում եմ, որ կգա մի օր, երբ ես կափսոսամ, որ չեմ երազել, որ վախեցել եմ փափագել իզուր, որ գիշերները քնել եմ միայն: Ես վախենում եմ երազել այնպես, որ կյանքս ինքնին մի երազ դառնա, որ մոռանամ ապրել առանց երազանք, մոռանամ զարթնել երազից անգամ: Չեմ ուզում ապրել առանց աչքերի, առանց իմ հոգու, առանց երազանք, որքան էլ, որ թաղեմ իմ եսը առանց շիրմնաքար, բայց միևնույն է չեմ կարող երբեք ուրանալ մեկ բան, որ երազում եմ ես ամեն վարկյան: Որքան էլ որ սիրտս ինձ մատնի, և չկամենա բաբախել իզուր, որքան էլ, որ ապրեմ առանց քեզ, առանց քո սիրո, մեկ է չեմ կարող…: Երազեք մարդիկ և մի վախեցեք, որ երազելը խաբկանք է ունայն, քանզի այն հաճախ աղոթք է թվում: Մի մրմնջացեք և ոչ մի անգամ, քանզի շատ հեշտ է դժգոհել շարունակ, մի կարծեք թե երազում են նրանք, ովքեր անճար են, թույլ են ու տկար: Հիշեք մեկընդմիշտ, որ աշխարհ եկաք, քանզի այդ մասին երազում էր Աստված: Միշտ հիշեք որ ինչ էլ պատահի, մի օր ժպտալու օրերը կգան, երազած կյանքը կլինի հասու և չենք վախենա երազել անձայն: Կյանքում ոչինչ հավերժ չի լինում, երջանկության պես գալիս են գնում, բայց երազանքները մեզ հետ չեն մեռնում, մինչև որ մի օր իրական չեն դառնում:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2012/12/blog-post_8878.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել