Ես ինձ ոլորտային մասնագետի տեղ չեմ դնում, բայց էն սպանությունները, որ գրեթե ամենօրյա ռեժիմով կարդում ենք լրատվականներում, պարզվում է ՝ շատ հաճախ տարիներով կուտակված զայրույթի, վեճերի ու չլուծված խնդիրների հետևանք են։ Հասկանալի է, որ նմանատիպ պրոբլեմները չեն ծնվում մի օրվա ընթացքում, մարդիկ երկար տարիներ ապրում են իրար կողքի՝ լարվածությամբ, թշնամանքով: Իսկ, երբ ամեն ինչ մի օր պայթում է, դեպքերը շատ հաճախ արյունով են ավարտվում...
Բայց իրական հարցն էստեղ մեկ այլ տեղ է․ ինչո՞ւ նմանատիպ «հարաբերությունները» չեն հայտնվում ոստիկանության տեսադաշտում էն ժամանակ, երբ դեռ հնարավոր է լինում կանխել ողբերգությունները։ Հոլիվուդյան կինոների նման նրանք հայտնվում են միայն էն պահին, երբ ամեն ինչ արդեն վերջացած է լինում, երբ կան զոհեր, աղմուկ ու քաոս...
Էսօր ոստիկանության արձագանքը շատ հաճախ ուշացած է լինում ու ձևական բնույթ է կրում, քաղաքացիների անվտանգությունը, համայնքային հարաբերությունների վերահսկումն ու բախումների կանխումները թողած, մի մարդու աթոռի պաշտպանությամբ են զբաղված, արդյունքում գրանցելով ամենօրյա սպանությունների ու ողբերգությունների սարսափելի ցուցանիշներ...
հ.գ. Մի կարևոր հանգամանք ևս․ հաճախ ցուցանիշներ են հրապարակվում, թե իբր մեր երկրում սպանությունների թիվը նախորդ տաս տարիների համեմատ «շատ չի աճել»: Բայց մոռանում են կարևոր փաստի մասին, որ ոստիկանական ուժերի թիվը վերջին տարիների ընթացքում էականորեն աճել է, իսկ հանցագործությունների կանխարգելումների որակը՝ կտրուկ վատթարացել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել