Hartak.am-ը գրում է.
Սև սրտին մխիթարանք. «…իսկ եթե այդ տեսանկյունից նայենք, ապա վարկանիշը «բարձրացավ…»: Ինչևիցե, «ղալլաթ» ենք արել, մնում է այն մարսել: Այն, որ ժողովրդական լեզվով ասած, «մարիֆաթով» ամբողջ աշխարհի աչքի առջև խայտառակվեցինք, դա փաստ է, հիմա մնում է հասկանալ կամ մտածել ավստրիացի հոգեբանի սկզբունքով`«ամեն վատի մեջ կա լավի նշույլ. փորձիր այն գտնել…»: Հարգելի ընթերցողներ, եվրոպայում տեղի ունեցածը, հիրավի, բոլորիս նյարդերը քայքայեց, այլ կերպ չէր էլ կարող լինել, իսկ ո?ւմ է դուրեկան, երբ երկրիդ ընդդիմադիրը իր հարցադրումով երկրիդ նախագահին մեղադրում է «կարտյոժնիկության» մեջ, այն էլ` առանց որևէ հիմնավոր փաստարկների: Եղածը եղած է, ներքին խոհանոցն ի ցույց է դրված ամբողջ աշխարհին: Հիմա եկեք հասկանանք, թե ինչ են մեր մասին մտածում եվրոպական երկրները:
Կա երկու տարբերակ` 1. Այս երկիրն ահավոր վիճակում է հայտնվել, նրանք այն աստիճանի են հասել, որ չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները, նույնիսկ այսպիսի բարձր միջազգային ատյաններում, երկխոսություն ընդդիմության և իշխանության միջև երկրի ներսում չկա… 2. Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ մարդկանց ձերբակալում են ընդդիմադիր ցույցերին անգամ մասնակցելու համար, իսկ ընդդիմության առաջնորդները ուղղակի բացահայտ տեռորի են ենթարկվում ամեն օր, Հայաստանում դեմոկրատական արժեքները այն աստիճանի են բարձրացել, որ ընդդիմության ներկայացուցիչը առանց վախի զգացմունքի, առանց տարկաուսելու և մտորելու հանգիստ ասում է այն, ինչ կարող է ՀՀ նախագահի վարկանիշը գցել և չի մտածում, որ վաղը նա կարող է պատժված լինել նման քայլի համար: Այս տեսանկյունից եթե նայենք, ապա Հայաստանը դեմոկրատական արժեքներով ոչ մի բանով հետ չի մնում եվրոպական զարգացած երկրներից…
Հ.Գ. Մենք պետք է հասկանանք, որ այս ավանդույթին պետք է վերջ տալ, որքան էլ դա դժվար լինի տեխնիկապես իրագործել, մեր հարցերը պետք է լուծվեն երկրի ներսում, այլ ոչ թե դրսում: Պետք է գիտակցել, որ միջազգային մակարդակով նմանատիպ յուրաքանչյուր հարցի արծարծումը մեզ ավելորդ անգամ կախվածության մեջ է գցում…