Չնայած այն հանգամանքի, որ սովորաբար աշխատում եմ չարտահայտվել այն իրողությունների շուրջ, որոնց շուրջ թնդում է ամբողջ ֆեյսբուքը, բայց այս անգամ մի երկու խոսք չասել չեմ կարող:
Այսօրվա Զարուհի Փոստոանջյանի ելույթ կոչվածը վայել էր անդրբեջանական ցանկացած պաշտոնյայի ելույթի՝ լի գռեհկությամբ, ցինիկությամբ ու բացարձակ էգոիզմով: Վստահ եմ, որ այդ հարցը ոչ այնքան զարմանալի էր մեր երկրի նախագահի համար, որքան մնացած ներկաների համար, քանզի Փոստանջյանի հարցը նման էր ազգի դավաճանության, ինչը վայել չէ ոչ ոքի՝ առավել ևս քաղաքական գործչի, ով տվյալ պահին ներկայացնում է իր երկիրը:
Ցավոք պետք է արձանագրեմ, որ այսօր մեր ամենամեծ խնդիրը Զարուհու հարցադրումը չէ, այլ այստեղ՝ Հայաստանում, հասարակության մի զգալի մասը ելնելով տարբեր շարժառիթներից (սկսած մաքսային միությունը չմարսելուց վերջացրած ուղղակի իշխանություններին հայհոյելուց) հայտարարում են, որ <<լավ էլ արել են, որ հարցրել են>>՝ առանց հասկանալու, որ ներքին խնդիրները արտաքին աշխարհում երբեք չեն լուծվել և չեն լուծվի, իսկ սեփական երկրի ղեկավարին անհարմար վիճակի մեջ դնելու փորձը իրականում վնասում է սեփական երկրին ու ժողովրդին, իսկ ավելի ստույգ յուրաքանչյուրիս: Եվ այն հայտարարությունները, որ միևնույն է մենք մեզ վաղուց խայտառակել ենք չեն արդարացնում նմանատիպ քայլերը:
Եթե կա ցանկություն լավ երկիր ունենալու, լավ կյանք ունենալու և սեփական երկրում արժանապատիվ ապրելու, ապա պետք է գործել ի համախմբում, այլ ոչ ի բաժանում: Ի՞նչ շահեց այսօր Զարուհին կամ ի՞նչ շահեցին նրա դիրքորոշման կողմնակիցները կամ հենց նրանք, ովքեր ֆեյսբուքում այսօր քննադատություններ և հայհոյանքներ էին հղում, իսկ իրականում իրենց ամենօրյա կյանքով անում հենց նույնը, սակայն ավելի ցածր մակարդակներում: Սթափվել է պետք և գործել: Եվ ինչպես Թումանյանը կասեր.<<Գործն է անմահ լավ իմացե՛ք, որ խոսվում է դարեդար, Երնե՜ք նրան, ով ԻՐ ԳՈՐԾՈՎ կապրի անվերջ, անդադար>>:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել