Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Այս մասին, հրապարակելով լուսանկար, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այօսր լրանում է  44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցը։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։

Պատերազմի առաջին ժամերից կիրառվեցին ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ավիացիա։ Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն:

Քառասունչորս օր շարունակ ընթանում էին ծանր մարտեր։  Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, ռազմական գործողությունները դադարեցվեցին, իսկ Արցախում ռուս խաղաղապահ զորախումբ տեղակայվեց։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացրեց Հադրութը, Շուշին, Քաշաթաղը, Քարվաճառը։

Պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրեց 3830 կյանք, որոնցից 3752-ը զինծառայողներ էին, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Շարունակում է անհայտ մնալ 195 մարդու ճակատագիրը, այդ թվում՝ 175 զինծառայողի և 20 քաղաքացիականի։ Ադրբեջանի պաշտոնական տվյալներով՝ իրենք տվել են ավելի քան 2900 զոհ և ունեն 6 անհայտ կորած։

Սեպտեմբերի 27-ը դարձավ նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի սկիզբը։

44-օրյա պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Արցախի բնակչության հեռանալուց հետո Արցախը ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել