1in.am-ը գրում է.
Thomson Reuters միջազգային մեդիակորպորացիան հեռացնում է խմբագրակազմի աշխատողների մոտ 5 տոկոսին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Reuters գործակալության գլխավոր խմբագիր Սթիվեն Ադլերին:
Գործակալությունում աշխատում է մոտ 2800 լրագրող: Այսպիսով՝ կրճատման տակ կհայտնվեն նրանցից մոտ 140-ը: Հեռացումները կսկսվեն հաջորդ ամսվանից:
Նշվում է, որ փոփոխություններն արվում են Reuters-ի լրատվական ծառայության կառուցվածքը ամրապնդելու և պարզեցնելու նպատակով: Հայտարարվել է նաև, որ գործակալության գործունեությունը կենթարկվի մանրակրկիտ զննության, ինչը պահանջում է ընդունել բազմաթիվ բարդ որոշումներ:
Այս տարվա ապրիլին Thomson Reuters-ը հայտնել է, որ առաջին եռամսյակում մեդիակորպորացիայի շահույթը նվազել է 7 տոկոսով և կազմել 462 մլն դոլար: Որպես պատճառ, մասնավորապես, նշվել է ընկերության տեղեկատվական-վերլուծական արտադրանքի նկատմամբ բանկերի պահանջարկի նվազումը:
Ընկերության աշխատողների ընդհանուր թիվը՝ ներառյալ իրավական, ֆինանսական և այլ ստորաբաժանումները, կազմում է մոտ 60 հազար մարդ: