Տեղի ունեցածից հետո համացանցում քննարկումների տեղատարափ սկսվեց այն մասին, որ նախկին նիկոլական չի լինում, որ Հովիկ Աղազարյանը Փաշինյանի պրոյեկտն է եւ մինչ այժմ էլ ծառայում է նրան եւ անգամ վերջինիս թասիբին է կանգնում եթերում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ամենավերջին ձեւով խայտառակել էր Աղազարյանին, վերջինիս խիստ անձնական նամակները դարձրել հանրության քննարկման առարկա եւ այլն: Մենք զրուցել ենք Հովիկ Աղազարյանի հետ:
- Պարոն Աղազարյան, պաշտպանելով, կամ ինչպես ժողովուրդն է ասում` «դոշ տալով» Փաշինյանի համար, շատերի կարծիքով` Դուք, ինչպես առաջ, այնպես էլ հիմա` համակրում եք վարչապետին եւ այն բոլոր քննադատությունները, որ պարբերաբար հնչեցնում եք` կեղծ են: Տեղի ունեցածը չի՞ խանգարի հետագայում ձեր գործունեությանը:
- Եթե իսկապես նայել եք այդ հեռուստաշոուն որտե՞ղ տեսաք, որ ես Փաշինյանին պաշտպանել եմ:
- Գեւորգ Պետրոսյանը մի քանի անգամ ասաց. «Նիքոլ փաշին», Դուք դրանից խիստ վրդովվեցիք, բարկացած, Պետրոսյանին վիրավորեցիք, անգամ բանը հասնում էր ծեծկռտուքի: Դա պաշտպանել չէ՞:
- Եթե ինձ մոտ ինչ-որ մեկի հասցեին վիրավորական արտահայտություններ են անում, ես խնդրում եմ, որ չանեն նման բան, որովհետեւ եթե մարդը ներկա չէ եւ չի կարող պաշտպանել իրեն, հակադարձել, ապա դուրս է գալիս, որ բամբասում ենք: Բայց ես անգամ նախկին երեք նախագահների հասցեին ինձ թույլ չեմ տվել վիրավորական բառեր ասել, հետեւաբար ես չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկի, հատկապես իմ նախկին գործընկերների մասին վիրավորական խոսքեր ասեն: Դա շատ տգեղ է: Ընդ որում, նախքան դեբատի մեկնարկը, ես խնդրեցի պարոն Պետրոսյանին, ես նրան նախապես էի խնդրել, քանի որ տեղյակ եմ իր բառապաշարին: Մենք պայմանավորվել էինք, որ իմ նախկին գործըկներիների մասին ոչ մի վիրավորական խոսք չպետք է հնչի, քննադատական` խնդրեմ, վիրավորական` ոչ: Ընդ որում նա ինձ հարցրեց, թե ո՞րն է վիրավորականը, ես նրան մի քանի դրվագ ներկայացրի, այդ թվում նույն «նիքոլ փաշին»-ը, որովհետեւ դա կա իր բառապաշարի մեջ, բայց նա կամ մոռացավ, կամ` նպատակադրված կրկնեց այդ արտահայտությունը: Բայց, գիտեք ինչ, ես չեմ համարում, որ այդ քայլով ես Փաշինյանին պաշտպանել եմ: Հասարակության մի շերտ կարծում է, թե ես նիկոլական եմ, Նիկոլի պրոյեկտն եմ: Ես կասեմ հետեւյալը` մի կողմ թողնելով, որ շատ հարցերում համակարծիք չեմ նրանց հետ, մի կողմ թողնելով, որ ես ասում եմ Նիկոլ Փաշինյանն իրեն սպառել է` բոլոր առումներով: Նիկոլ Փաշինյանը ավտորիտար ղեկավար է եւ այլն: Ես ունեմ նաեւ խնդիրներ անձնական հարթության վրա, սակայն ես երբեք քայլ չեմ անի այն ուղղությամբ, որ մարդիկ կարծեն, թե ես Նիկոլի պրոյեկտն եմ: Ինչ վերաբերում է անձնական մտքերին, իմ զայրույթը չպետք է ընկալվեր որպես պաշտպանություն, կամ աջակցություն Փաշինյանին:
- Ուզում եք ասել, որ եթե նախկին երեք ղեկավարների հասցեին էլ նման կերպ արտահայտվեն, Դուք էլի՞ նման էմոցիոնալ եւ կտրուկ կարձագանքեիք:
- Դեպք է եղել, որ ինձ հարազատ մարդկանցից մեկը Սերժ Սարգսյանի մասին գրառում է արել եւ անունը փոքրատառով է գրել, ես նրա ձեռքին խփել եմ եւ հորդորել կարգին գրել:
- Պնդում եք, որ Փաշինյանին չեք պաշտպանում, բայց թույլ չեք տալիս, որ նրանց վիրավորեն: Իսկ նրանք Ձեր նկատմամբ համարժե՞ք վերաբերմունք ունեն: Օրինակ, մենք հիշում ենք, որ Ձեր նախկին թիմակիցներից շատերը Ձեզ նույնիսկ չցավակցեցին, երբ մահացել էր Ձեր կինը:
- Անձնական հարց է սա, չեմ խոսի, սակայն կասեմ մի բան, որ Նիկոլ Փաշինյանը մեր պաշտպանության կարիքը, մեծ հաշվով, չունի: Քաղաքական գործընթացներ են, ես կարծում եմ, որ նա սխալներ է թույլ տալիս, եւ ամեն ինչ պետք է անեմ իմ համեստ անձով, այդ սխալների դեմն առնելու համար:
- Չունե՞ք մտավախություն, որ այս ամենը կարող է ազդել Ձեր հետագա վարկանիշի վրա, եւ մարդիկ նաեւ Ձեզ կմերժեն, Ձեզ կհամարեն ՔՊ-ի կցորդը:
- Մտավախություն կա ու եղել է: Մինչ այն պահը, երբ ինձ վռնդեցին կոսակցությունից, ես բոլոր որոշումների համար պատասխանատու էի եւ համաձայն: Անկախ այն բանից, թե որքանով ձայն կտան ինձ եւ պարոն Ասլանյանին, այնքանով էլ կարտացոլվեն ըտրությունների արդյունքում:
- Ասում եք` շատ հարցերում համաձայն եք իշխող թիմի հետո: Ո՞ր հարցերում:
- Օրինակ, ես գտնում եմ, որ պետությունը ճիշտ է անում, որ չի զբաղվում արցախցիների հարցերով, սակայն սխալ է անում իշխանությունը, երբ պայքարում է նրանց դեմ, ովքեր զբաղվում են այդ հարցերով` եկեղեցի, անհատներ եւ այլն:
- Ինչո՞ւ եք այդպես կարծում:
- Չասեմ, որովհետեւ եթե խոսեմ, ջուր կլցնեմ մեր թշնամական պետության ջրաղացին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել