ԱԴԱՄ - Աստծո Դեմքով Արարված Մարդ
ԵՎԱ - Երևակայությունից Վեր Արարած
Ձեռքը հղկում էր ներսից ու դրսից,
Ձեռքն Արարում էր ու օրն էր ուրբաթ,
Ու շունչ էր առնում արարիչ ձեռքից,
Կենդանանում էր մի նոր, մի նոր Բան:
Ձեռքը լավ գիտեր, որ այդ խառնուրդից
Ինքը կարարի, գուցե տեսքով այլ
Ձեռքը լավ գիտեր, որ շիկահողից
Կծնվի ինքը`անունը Ադամ:
................................................................
Կերտված արձանը գեղեցիկ էր շատ,
Բայց քիչ էր նման իրեն ստեղծողին,
Կավամանում էլ ավելացավ կավ,
Ի՞նչ պետք է անի կավի կտորին:
Անցել էր ուղիղ երկու ժամ ու կես,
Կավը դարձել էր մի քիչ կամակոր:
Տիրոջ ուղեղում մի նոր միտք ծնվեց
Ու ձեռքը նորից սկսեց մի նոր գործ:
Հղկում էր կավը, բայց միայն դրսից,
(Ներսից հղկելու ժամանակ չկար)
Ու հապշտապ հղկված կավի կտորից
Արարվեց մի նոր գեղեցիկ արձան:
Ու ժամն էր արդեն, գրված է այդպես,
Բոլոր սրբազան էջերում գրքի,
Որ տիրոջ կամքով, ձեռքով արարվեց
Երկու արձանիկ`տղամարդ ու կին:
Եվ առաջինը խոսեց այր-մարդը
Թե ո՞վ է ինքը ի՞նչ պետք է անի,
- Այսուհետ դու ես բնության զարդը,
Այսուհետ դա է օրենքն աշխարհի:
Դու նախահայր ես, անունդ՝ Ադամ
Դու՛ ես, որ սկիզբն ես մեծ Տիեզերքի
Ու ամեն թռչուն ու ամեն գազան,
Քո՛ առջև պետք է գլուխ խոնարհի:
Տերն աչքի տակով նայեց մյուսին,
«Հրաշք մարմին է,փոթորիկ ու հուր,
Ես ցավ կերտեցի Ադամի ուսին,
Շատ կատարյալ է, շտապեցի իզուր»:
- Իսկ ե՞ս, ո՞վ եմ ես Մեծ տիեզերքում,
Եվ ո՞վ պետք է ինձ գլուխ խոնարհի,
Ինձ չթողեցիք ոչինչ աշխարհում
Թող որ Ադամն էլ հենց ինձ խոնարհվի:
Ուրեմն այսպես, թե նա Ադամ է
Ես էլ կլինեմ Ադամի Մադամ,
Հոգնեցի արդեն ու բավական է
Գլուխս է ցավում քնելու գնամ:
Ու օրօրվելով ինչպես մի եղեգ
Անցավ այրերի մեջտեղով հպարտ
Դրախտի այգում լուսեղեն ու մերկ
Քնեց թզենու հսկա ճյուղի տակ:
Ձեռքը թափ տվեց Տերը զայրացած
Ձեռքից պոկվեցին կավե զույգ գնդիկ:
Մեկը սիրելու շնչով էր լցված
Մյուսը սիրվելու շնչով հագեցած:
Սիրելու շնչով լցված գնդիկը
Թռավ Ադամի կողոսկրին կպավ,
Սիրվելու շնչով լցված գնդիկը
Եղեգների մեջ ընկավ ու կորավ:
Ադամը կողին զգաց մի սուր ցավ,
Քաշեց ու փորձեց իր կողը պոկել,
Տերը, որ Տեր էր նա էլ զարմացավ
Չէ՞ որ նա այդպես չէր նախատեսել:
Իր պոկած կողը բռնած ձախ ձեռքով
Ադամը վազեց եղեգնուտը խիտ,
Կռացավ փորձեց սիրվելու շնչով
Անպայման գտնել կավե գնդիկին:
… Ու խեղճ Ադամը արցունքն աչքերին,
Եղեգների մեջ Տիրոջ դրախտում,
Սիրվելու շնչով կավե կտորին,
Դեռ մինչև օրս, փնտրում չի գտնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/536250376447936
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել