1in.am-ը գրում է.

ԵԱՀԿ գործող նախագահի գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջյուն Զեյթլինը այցելում է տարբեր երկրներ, այդ թվում` Հայաստան, ականատես լինելու, թե ինչպես են լուծվում գենդերային հավասարության վերաբերյալ խնդիրները: Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակում տեղի ուենցած քննարկման ժամանակ այս մասին ասաց ինքը` Ջյուն Զեյթլինը: 

«Խնդրի շուրջ Հայաստանում խոսել եմ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, նաև դիտարկել ՀԿ-ների և կառավարության միջև քննարկումները»,- ասաց նա:

Եվրոպական գործչի խոսքով` կանանց մասնակցությունը հայաստանյան օրենսդիր մարմնում տասը տոկոսից մի փոքր է ավել, մինչդեռ միջազգային նորմերով պետք է լիներ առնվազն երեսուն տոկոս: «Ինչպես տեղեկացա, գենդերային հավասարության մասին օրենքի ընդունման հարցում ձեր երկրում տարաձայնություններ են առաջացել: Ես հասկանում եմ, որ Հայաստանում բառի, բառակապակցության ընկալման թյուրըմբռնում է տեղի ունեցել: Պետք է հասկանալ, որ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների հարցը շատ կարևոր է: Առողջ բանավեճերն այս հարցի շուրջ, իհարկե, տեղին են, սակայն Հայաստանում դրանք հատում են անձնական վիրավորանքների սահմանը, ինչն անթույլատրելի է»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին` տասը բալանոց սանդղակով ինչպե՞ս կգնահատի գենդերային հավասարության առկա վիճակը Հայաստանում, եվրոպացի գործիչը դժվարացավ միանշանակ պատասխան տալ:

Քննարկման մյուս բանախոս, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանն իր հերթին նկատեց, որ հայաստանյան կառավարման մարմիններում կանանց ներկայացվածությունն ընդամենը ութ տոկոս է, իսկ գյուղական համայնքային կառույցներում նրանք ընդամենը 19-ն են 880-ից: 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ, անդրադառնալով սելեկտիվ աբորտների թեմային, նշեց, որ Հայաստանը Չինաստանից և Ադրբեջանից հետո երրորդն է աշխարհում, ուր երեխայի, այս դեպքում` աղջիկ երեխայի սեռով պայմանավորված աբորտները ամենամեծ թիվ են կազմում: «Երևանում տղա երեխա ունենալ ցանկանում են միջինը չորս, մարզերում` վեց անգամ շատ»,- ասաց նա:

Խոսելով գենդերային հավասարության հարցի մասին` Գարիկ Հայրապետյանը նկատեց, որ գենդերային հավասարության մասին հայաստանյան որոշ ուժերի բնորոշումներ ոչ մի ընդհանուր բան չունեն եզրույթի միջազգային բնորոշման հետ: «Եզրույթի իմաստը Հայաստանում միտումնավոր խեղաթյուրվում է»,- կարծիք հայտնեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել