Գնամ մտնեմ Վանա լճի խորքերն անտակ,
Եվ ի՞նչ-գտնեմ հին հայկական հազար քանդակ,
Մի օր հանկարծ ջղայնանամ ու վերցնեմ
Մթնոլորտը մեկ այլ օդով թարմացնեմ:
Բայց հասակս առած, խոհեմ դարձած մարդ եմ արդեն,
Բայց արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն:
Սրանք Սևակի մարգարիտներից մի փոքր մասն են միայն, որոնք այնքան հարազատ են այս թեմային: Ես էլ եմ հաճախ ինձ դեսուդեն գցում, փորձում եմ պատկերացնել թե օրերից մի օր կկարողանամ փոխել այն հասարակությունը, որտեղ ես օրըստօրե փտում եմ՝ փթթելու փոխարեն: Բայց իրոք, որ հասակս առած, խոհեմ դարձած մարդ եմ արդեն, բայց արի տես դեռ գցում եմ ինձ դես ու դեն:
Մինչ կպատասխանեմ այն հարցին թե ինչ կփոխեի ինձ շրջապատող մարդկանց մեջ, ինչպես կցանկանայի տեսնել նրանց իմ աչքերով, պետք է նախևառաջ համոզվեմ, թե արդյո՞ք ես ի վիճակի եմ փոխել այն, ինչ չի կարողանում անգամ Աստված:
Դարեր շարունակ մի հաստափոր գիրք փորձում է փոխել մարդկանց դեպի լավը, զերծ պահել մեղքերից ու չարագործություններից, դարձնել բարի և կամեցող և դա փորձում է անել անգամ մարդկանց մեջ ահ ու սարսափ ներարկելով, թե իբր չարերը մահից հետո կայրվեն դժոխքի կրակներում, իսկ բարիները կվայելեն երկնքի արքայությունը: Եվ այս երկարատև ջանքերից հետո, երբ ոչինչ չի փոխվում, ավելին՝ մարդիկ շարունակում են ստել ու կեղծել, սպանել ու հափշտակել, շարունակում են ընդվզել Աստծո դեմ, լինել շահամոլ և երկերեսանի, անվստահելի ու դավաճան, ապա ես ինչպե՞ս կարող եմ փոխել նրանց: Եթե դուք կարող եք շատ լավ, ես հաստատ կախարդական փայտիկ չունեմ:
Բայց միևնույն ժամանակ ես չէի ցանկանա ապրել այնպիսի հասարակությունում, որտեղ մարդիկ բարի են և կամեցող, ընկերասեր ու խելացի, ընկածին բարձրացնում են, իսկ քիթը ցցածից երես թեքում՝ քսմսվելու ու շողոքորթվելու փոխարեն, քանի որ հավիտենական երջանկությունը դժբախտության հոմանիշն է: Բայց այդուհանդերձ կցանկանայի մեղմանար մարդկային հոգու այն արատները, որոնք գոյություն ունեն իմ հասարակությունում, քանի որ հենց դավաճաների ու խաբեբաների, երկերսանի դիմակավորների, սրան ու նրան շողոքորթող դատարկ սկուտեղների, իրենց ինտիլիգենտ կարծող բթամիտների, խղճուկ հոգին արծաթ ու ոսկով ծածկող ցուցամոլների և անձևույթ ձևավորների պատճառով է, որ քո շրջապատը փոխելու անհրաժեշտություն է լինում: Սակայն շրջապատը անհնարին է փոխել հասարակությունից այդպիսի մարդկանց վտարմամբ, այլ պետք է նախ և առաջ դու կարողանաս փոխվել, փոխվել ոչ դեպի վատը, ոչ դեպի լավը, այլ փոխել քո իսկ ինքնությունը՝ առաջ գնալու շնորհիվ:
Ես կարող եմ փոխել իմ շրջապատը՝ իմ երազանքին հասնելու շնորհիվ:
Բայց դե հասակս առած, խոհեմ դարձած մարդ եմ արդեն,
Բայց արի տես, որ գցում եմ ինձ դես ու դեն:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2013/10/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել