Քո ճանապարհը

Անձրևը գովերգվում է աշնան և գարնան, նաև ամռան, ինչպես և սիրո, բաժանման…հետ կապված կապված գրեթե բոլոր ստեղծագործություններում:
Անձրևից հետո սկսում են արագությամբ աճել սնկերը…
Հետաքրքիր է, այդ ինչպիսի՞ անձրև եկավ Երևանի վրա, որ քաղաքի ցանկացած հատվածում սկսեցին սնկերի նման աճել ատամնաբուժարաններն ու դեղատները ….

ՄԱՍ 1
Դեղատուն XXL

Կանգառի մոտ գտնվող դեղատուն է:
Ապակյա պատի հետևում սպիտակ խալաթով մի աղջիկ է նստած:
Սպիտակ խալաթից վախենում են երեխաներն ու տղամարդիկ:
- Բարև´ Ձեզ: Դուք քաշը ավելացնելու դեղ ունե՞ք:
Տղայի տեսքը լուրջ էր, ու դա զարմացրեց աղջկան:
- Ի՞նչ դեղ, չհասկացա: Դեղատոմս ունե՞ք:
- Ո´չ, չունեմ: Բայց ինձ պետք է դեղ, որ երկրի ձգողականության ուժը մեծանա, ինձ ավելի ուժեղ ձգի, թե չէ թռչում եմ անընդհատ…
Մոտեցավ մյուս աշխատակցուհին` տարիքով, ակնոցներով, որովհետև աղջիկը չպատասխանեց ու զարմացած նայում էր տղային:
- Ա´յ տղա, բան ու գործ չունե՞ս: Գնա´ այստեղից, խանգարում ես:
Տանը երևի մի սենյակ ղժղժան թոռներ ունի, չաշխատող ամուսին, պորտը բաց` աշխատանքի գնացող հարս, չամուսնացած լաչառ աղջիկ: Թե չէ որտեղի՞ց այսքան չարություն այդ մոտ հարյուր կիլոգրամանոց մարմնում:
- Ես լուրջ եմ ասում, ուրախությունից թռչում եմ: Քիչ է մնում բոլորին համբուրեմ:
Կինը հանեց ակնոցները, գլուխը տարուբերեց, մտածեց . <Հիվանդ է խեղճը>:
- Տղա´ ջան, գնա´, քանի ոստիկան չեմ կանչել:
- Իսկ նրանց մոտ կլինի՞ այդ դեղից:
Աղջիկը, որ ուշադիր լսում էր, չկարողացավ անտարբեր մնար:
- Մեզ մոտ չկա, բայս ես Ձեզ դեղատոմս գրեմ, մի ուրիշ տեղ կգտնեք, լա՞վ:
- Ընթեռնելի´ գրեք:
Տղայի ձեռքում հայտնվեց թղթի վրա գրված հեռախոսի համար և անվան միայն առաջին ` <Ն> տառը:
- Բայց անունը ամբողջությամբ չեք գրել:
- Այնքան փորձիր, մինչև գտնես, պայմանավորվեցի՞նք:
Տղան ուրախ-ուրախ դուրս եկավ դեղատնից:
- Ի՞նչ գրեցիր, Նռանե´,- տարիքով կնոջ դեմքին զարմացախառն հետաքրքրություն էր :
- Ես հասկացա նրան: Գրեցի հեռախոսիս համարը և <Ն> տառը: Թո´ղ գտնի, եթե կարող է:
- Էս ջահելությունը գժվել է,- ասաց կինն ու նստեց աթոռին:
Ձեռքը վերցրեց գիրքը, որը ցուցադրաբար միշտ պահում էր աչքերի մոտ, իբր կարդում է:
Գիրքը <Խառատի տեղեկատու> էր: Երևի ուրիշ գիրք տանը չկար:
Նռանեն բարձրաձայն ծիծաղեց:

* * *
Փողոցի սկզբնամասում մի կին ծաղիկներ է վաճառում: 
Երբեք ինձ առանց առիթի ծաղիկներ չնվիրեց:
- Մայրի´կ, կակաչն ի՞նչ արժե: 
- Հինգ հատը` երեք հարյուր:
- Չէ´ ,մեկ հատ է հարկավոր:
- Վերցրո´ւ, առանց վճարելու:
Ժամն արդեն քսաներեքն է: Տեսնես եկած կլինի՞:
Նռանեն մտավ բնակարան ու միանգամից զգաց ծխախոտի ծխի հոտը:
- Վարդա՞ն:
Ձայն չկա: Փնտրեց ննջասենյակում: Քնած է:
Լավ, երևի հոգնած է եկել:
… Կակաչը դրեց բաժակի մեջ` մահճակալի կողքը:
Մտավ անկողին, այնպես, որ չարթնացնի:
Փոքրիկ լուսամփոփի լույսը կարմիր կակաչին տալիս էր մուգ արյան, խոր մայրամուտի մի խորհրդավոր գույն:
Զգույշ ձեռքը տարավ ու դրեց Վարդանի մազոտ կրծքին, համբուրեց ուսը:
- Եկա՞ր,- ձայնը կիսաքուն էր ու դժգոհ, որ արթնացրին:
- Ինձ կակաչ եմ գնել, տե´ս ինչ լավն է:
Ձայն չկա:
Կիսամութի մեջ սկսեց լուսավորվել բջջային հեռախոսի էկրանի լույսը:
Չհասցրեց վերցնել` նախքան զանգը կսպաներ լռությունը:
- Նարինե՞:
- Սխալվել եք:
Հիշեց մի քանի ժամ առաջ դեղատուն մտած տղայի ձայնը: 
Նորից զանգ:
- Նաիրա՞: 
- Սխալվել եք:
Հետո նորից զանգ:
- Նունե՞:
- Սխալվել եք:
Վարդանը շրջվեց դեպի կինը:
- Ո՞վ է այդքան զանգում:
- <Ն> տառով անուն են փնտրում, - ժպտաց մթության մեջ:
- Նռանե´, անջատի´ր, միևնույն է չի կարող գտնել: Թո´ղ քնեմ, հա՞:
- Իսկ դու ինչպե՞ս գտար:
- Ես մի շոկոլադե սալիկ գնեցի ու քեզ հետ աշխատող այն կնոջը տվեցի: Կարծեմ տիկին Օֆիկ, չէ՞: Հա´մ անունդ ասաց, հա´մ ամբողջ կենսագրությունդ պատմեց: Թո´ղ քնեմ, հա՞:
Զանգ:
- Նելլի՞, Նանե՞, Նարե՞….
- Կրկի´ն փորձիր, -ասաց Նռանեն` անջատելով հեռախոսն ու լուսամփոփը:

Կակաչի գույնը փոխվեց բաց երկնագույնի, հետո` ավելի մուգ, հետո դարձավ ստվերագույն:
Նռանեն աչքերը փակեց ու տեսավ, թե ինչպես է ինքը մերկ, ձեռքերն ու ոտքերը տարածած, պառկած մի կապույտ օվկիանոսի մեջտեղում` փոքր ալիքների վրա:
Մենակ է, ու ալիքներն իրեն դադնաղ քշում, տանում են:
Հետո մոտեցավ մի փոքրիկ շնաձուկ: Նռանեն չհասկացավ, թե ինչու, չվախեցավ:
Շնաձուկն ատամներով բռնել էր մի կարմիր կակաչ, որը զգույշ դրեց կրծքերի արանքում ու հեռացավ:
Արևը տաքացնում էր ալիքների վրա համաչափ օրորվող Նռանեին:
Նա մենակ չէր:
Նա էր, կարմիր կակաչը, կապույտ օվկիանոսն ու արևը:

Մաս 2
Ատամնաբուժարան NOVA DENT

Տղամարդիկ ատամի,ատամնացավի նման մի բան են, երբ ցավեցնում են, պետք է հանել- գցել:
Բուժում չկա:
Հանելուց էլ անզգայնացնել պետք չէ, միևնույն է անզգա են:

- Ո՞ր ատամն է, սա՞:
- Բժշկուհի´ ջան, կարծես բոլորն են այդ կողմում ցավում:
- Չէ´, այդպես չի լինում: Լա´վ, սա´ է, տեսնում եմ: Ցավը փոխանցվում է բոլորին:
Ատամնաբուժական բազկաթոռին կիսապառկած տղան բավականին հաճելի արտաքին ունի ու շատ խնամքով հագնված է:
- Այսպես հետևում եք Ձեր սանրվածքին, հագուստին, իսկ ինչո՞ւ ատամներին նույն կերպ չեք հետևո՞ւմ:
Պատասխանը գիտեր: Դե, տղամարդն ի՞նչ պետք է պատասխանի որ: 
Զբաղեցնում է մինչև ներարկելը:
- Հիմա կներարկեմ, մի 10-15 րոպեից կհանենք: Սա բուժվող ատամ չէ:
- Չի՞ ցավի: Ձեր անունն ինչ է՞:
- Ռիտա: Մի փոքր, մի ծակոց է ընդամենը: Որ ցավի, սեղմեք բազկաթոռի թևը, լա՞վ:
Երբ ասեղը մտավ լնդի մեջ, տղան ձայն արձակեց ու ակամա մի ձեռքով գրկեց Ռիտայի մեջքը:
Ռիտան խիստ հայացքով նայեց… Զգաց, որ տղային չի խաբի իր խիստ հայացքը: 
Հաճելի էր:
Վահեն պատկանում էր տղամարդկանց այն դասին, որոնց կանայք անվանում են <սրտակեր>:
- Դրսում սպասեք ,կկանչեմ,- հանգիստ տղայի ձեռքը պոկեց իր մեջքից, դրեց բազկաթոռի թևակին:
… - Հիմա կհանեմ: Ցավ չեք զգա, խոստանում եմ:
- Չէ, չեմ կարող, կարող եմ միայն այսպես,- Վահեի ձեռքը գրկեց Ռիտայի մեջքը:
Դե, թո´ղ գրկի, ինչ արած: Վաղուց այսպես զգույշ մեջքս չեն գրկել:
…Աքցանով պահել է հանած ատամը և նայում է տղայի շագանակագույն աչքերին:
Բալզակյան տարիքի ցանկացած կին հոգով մի քիչ արկածասեր է:
Թեև, ավելի ստույգ` տարիքն այստեղ կապ չունի:
Ինչպես ասում են` որքան ավելանում են տարիները, այնքան կինն ավելի հստակ է գիտակցում, որ իրենից <կարգին պառավ> դուրս չի գա:

- Սա իմ այցեքարտն է, երբ զգաք, որ վերքն անհանգստացնում է, զանգեք ցանկացած ժամի:
Երեք ժամ հաց չուտեք:

* * *
Երբ Ռիտան մտավ տուն, հասկացավ, որ նա իրենից առաջ արդեն տանն է:
Ամբողջ բնակարանը տակնուվրա էր:
Նարեկը` թիկնած բազկաթոռին` անշարժ, դատարկ աչքերով նայում էր մի կետի:
- Այս ինչ ես արե՞լ, սրիկա´: Ե՞րբ պետք է ազատվեմ քեզնից: Կյանքս կերար, բավական չէ՞:
- Ասա´ փողերիդ տեղը, կգնամ:
- Ես հիմա ոստիկան կկանչեմ…
Նարեկը բռնեց Ռիտայի մազերից ու քաշելով` գցեց գետնին:
- Դու հասկանո՞ւմ ես, ինձ փո´ղ է հարկավոր, փո´ղ: Ես չեմ դիմանում…
- Չունեմ, հասկացի´ր, ինչ ունեի, տվեցի քո բուժման համար: Բոլորը քո պատճառով երես են թեքել ինձանից: Կերա´ր կյանքս, հեռացի´ր ընդմիշտ….
Նարեկը ոտքով հարվածեց փորին:
Ցավում է…
- Իմ վերջին ականջողերն են մնացել, վերցրո´ւ , միայն չտեսնեմ էլ քեզ, չտեսնեմ ասեղներից քրքրված թևերդ, քո հիմարացած աչքերը: Աստվա´ծ իմ, ո՞ր մեղքիս համար…
Ռիտան ականջներից հանեց ականջողերն ու շպրտեց հատակին…
- Սա երկու օր, բա հետո՞: 
Հերթական ոտքի հարվածը կպավ երեսին: Քթից ու բերանից սկսեց արյուն գալ:
Հասկացավ, որ ատամներից մեկն էլ կոտրվել է:
Նարեկը մոտեցավ զգեստապահարանին ու հանեց Ռիտայի միակ ձմեռային մուշտակը:
- Ձմռանն ի՞նչ եմ հագնելու: Նարե´կ, մի´ արա, խնդրում եմ…
Բերանը լցվող արյունը խանգարեց շարունակել:

Ցավոտ է…
… երբ աչք ես փակում բոլոր արարքների վրա, ներում ես, որովհետև սիրել ես:
… երբ ամիսներով հիվանդանոցի դռներն ընկած համոզում ես, որ թմրամոլ չէ, այլ ժամանակավոր թուլություն է: Ու գիտես, որ խաբում ես ինքդ քեզ:
… երբ Քո տղամարդուն թողած, նայում ես ուրիշի տղամարդու աչքերին:
… երբ հասկանում ես, որ դարձել ես լաթե կտորներից սարքած մի տիկնիկ` ապակե աչքերով:
… երբ հասկանում ես, որ քեզանով արդեն խաղացել են, էլ պետք չես ու շուտով կհայտնվես շենքի մոտ գտնվող որևէ աղբամաններից մեկում:
… երբ արթուն գիշերներ լուսացնելուց հետո , նա հանկարծ առավոտյան հայտնվելով` հայտարարում է, որ զզվել է քեզնից, որ էլ իրեն չես հետաքրքրում: 
… երբ հասկանում ես, որ էլ չես սիրում, չես կարող սիրել, չես կարող սպասել, չես կարող նրա համար արդուկել, լվանալ, ճաշ պատրաստել:
Ցավոտ է…
…երբ, այն ինչ ունեիր, հիմա քեզ լքել է ու թողել օտար, անծանոթ մի աշխարհում:
Ցավոտ է…որ քեզ միայնակ ես զգում:

Զանգն ընդհատեց մտքերը:
- Ռիտա՞: Կներեք , ուշ ժամ է, բայց ատամս, որ այսօր հանեցիք…անհանգստացնում է: 
- Հեռո՞ւ եք ապրում: Հեռախոսով չեմ կարող:
- Ինչ-որ բա՞ն է եղել, լա՞ց եք լինում:
- Չէ´, ամեն ինչ լավ է:
- Ռիտա´, ասա´ հասցեդ, ես հիմա կգամ:
- Գրիր …

Կգա՞ս:
Կկանգնես այնպես, որ կարողանամ աջ ձեռքով հենվել ձեռքիդ ու ձախով ձեռքով հագցնեմ ոտքիցս դուրս եկած կոշիկը:
Կգա՞ս, որ մեջս կուտակված հոգատարության ներուժն ինձ չայրի:
Կգա՞ս, որ սև օրերս քո ներկայությունից ամաչեն ու դառնան ճերմակ հեքիաթներ:
Ես կսպասե~մ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել