ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ իր կարծիքով՝ Գազայում սով է։ Նա այս մասին ասել է Շոտլանդիա կատարած այցի ժամանակ: ԱՄՆ նախագահը նշել է, որ Գազայի բնակիչները պետք է «անմիջապես սնունդ և անվտանգություն ստանան», և որ ինքը ցանկանում է վերսկսել հրադադարի բանակցությունները, գրում է The Guardian-ը:

Հարցին, թե արդյոք նա համաձայն է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որը երկուշաբթի ավելի վաղ հայտարարել էր, թե Գազայում սով չկա, Թրամփը պատասխանել է. «Չգիտեմ։ Դատելով հեռուստատեսությամբ հեռարձակվող կադրերից՝ կասեի՝ ոչ, քանի որ այդ երեխաները շատ քաղցած են թվում։ Մենք շատ գումար և շատ սնունդ ենք տալիս, և այլ երկրներ այժմ օգնում են»։

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է, որ Գազայում տեղի ունեցող իրադարձությունները իսկական մարդասիրական ճգնաժամ են։ Դաունինգ սթրիթը հանդիպումից առաջ նշել էր, որ Սթարմերը կփորձի ճնշում գործադրել Թրամփի նկատմամբ՝ Իսրայելի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ընդունելու և հրադադարի բանակցությունները վերսկսելու համար։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել