Armlur.am-ը գրում է․
Ամերիկյան Google ընկերությունը 2024 թվականի երկրորդ եռամսյակում YouTube հարթակից հեռացրել է մոտ 11 հազար ալիք՝ «կոորդինացված ազդեցության գործողությունների» հետաքննության արդյունքում, նշվում է ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ։
Ըստ Google-ի, ապրիլից հունիս ամիսների ընթացքում ջնջվել է 10 910 ալիք։ Դրանցից ավելի քան 2 000-ը՝ 2 053 ալիք, պարունակել են Ռուսաստանի օգտին տեղեկատվություն, ինչպես նաև քննադատել են Ուկրաինային, Արևմուտքին, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսին առանձին ջնջվել են նաև այն ալիքները, որոնք ենթադրաբար «կապված են RT-ի հետ» և ունեցել են բովանդակություն իսպաներեն, անգլերեն, սերբերեն և ռուսերեն լեզուներով։ Սակայն RT-ի հետ կապի բնույթը չի բացատրվում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին Մոսկվայի նկատմամբ կիրառվել են հազարավոր սահմանափակող միջոցներ, այդ թվում՝ Sputnik գործակալության և RT հեռուստաալիքների ռեսուրսների արգելափակում։ Այս լրատվամիջոցների էջերը եվրոպացի օգտատերերի համար հասանելի չեն Google որոնողական համակարգում, նրանց ալիքները ենթարկվել են գրաքննության YouTube-ում և Meta-ի հարթակներում (Meta-ի գործունեությունը՝ Facebook և Instagram սոցիալական ցանցերը, Ռուսաստանում արգելված է որպես ծայրահեղական)։ Շատ տեղական լրագրողներ, որոնք համագործակցում են ռուսական լրատվամիջոցների հետ, ստացել են «Ռուսաստանի կառավարության հետ կապ ունեցող լրատվամիջոց» պիտակ։
Google-ի տվյալներով՝ ամենաշատը ջնջվել են Չինաստանի հետ կապ ունեցող ալիքները՝ մոտ 7 750, ավելի քան հազար ալիք էլ կապված է եղել Ադրբեջանի հետ։ Ընկերությունը հայտնում է, որ արգելափակվել են նաև որոշ ալիքներ, որոնք կապ ունեն Թուրքիայի, Ռումինիայի, Իրանի և Իսրայելի հետ։