Օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցան բախումներ: Բնակիչները բողոքում էին, որ Կոմիտաս 5 հասցեում բազմաբնակարան շենքը կառուցվում է ճարտարապետական նորմերի բազմաթիվ խախտումներով, ինչի հետևանքով կփակվեն հարակից շենքերի արևն ու լուսավորությունը` նվազելով օրական 12 ժամից 3 ժամի, բացի այդ բնակչությունը կզրկվի շրջապատող վերջին ծառերից: Չնայած այս վեճը գտնվում է դատարանի վարույթում, քաղաքացիները չհավատալով դատարանի արդարությանն ու անաչառությանը՝ որոշեցին իրենց բողոքն արտահայտել ցույցի միջոցով:
Կոմիտաս 5-ում շինարարական աշխատանքների դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ խաղաղ և առանց զենքի իրենց ժամանակավոր ներկայությունն էին ապահովել Կոմիտաս փողոցի մայթեզրին և երթևեկելի հատվածում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու և արտահայտելու մտադրությամբ: Երկու և ավելի քաղաքացիների նման գործողությունը ըստ օրենքի բնորոշվում է որպես իրազեկում չպահանջող, խաղաղ, ինքնաբուխ հավաք և այն կարող է տևել մինչև 6 ժամ: («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2, 26 և 27 հոդվածներ): Հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ դիմեցին քաղաքացիներին՝ պահանջելով դադարեցնել ակցիան և որակելով Կոմիտասի պողոտայի երթի խափանումը հասարակական կարգի խախտում: Հավաքը սկսելուց շուրջ 50 րոպե հետո ոստիկանությունը կիրառեց ֆիզիկական ուժ, բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների և ցրեց հավաքը:
Համանման մի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է Հայաստանի համար նախադեպային և պարտադիր իրավունքի ուժ ունեցող որոշում: Այդ գործով ևս, մի քանի տասնյակ մարդ կազմակերպել էին ցույց՝ հանրության ուշադրությունը գրավելու նպատակով: Այդ գործով ևս Ոստիկանության աշխատակիցները բազմիցս տեղեկացրել էին ցուցարարներին ցույցի անօրինականության, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու մասին և հրահանգել դադարեցնել ցույցը, մինչդեռ ցուցարարները, չկատարելով ոստիկանության պահանջը, շարունակել էին ցույցը: Հավաքը սկսելուց շուրջ 30 րոպե հետո ոստիկանությունը ֆիզիկական ուժ էր կիրառել, և հավաքը ավարտվել էր ցուցարարների ձերբակալությամբ: (Տես Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի որոշում)
Ոստիկանության գործողությունները համանման այս գործով Եվրոպական դատարանը գնահատել էր ոչ իրավաչափ և դրանք որակել իշխանությունների կողմից հավաքն ավարտին հասցնելու ահնամբերության (անդհանդուրժողականության) դրսևորում: Եվրոպական դատարանը նման իրավիճակում գտավ, որ բացակայում էր ցուցարարների կողմից հասարակական կարգին վտանգ ներկայացնելու վերաբերյալ որևէ ապացույց, բացառությամբ երթևեկությանը խոչընդոտելու հանգամանքը: Եվրոպական դատարանը սահմանեց, որ հասարակական վայրում կազմակերպված հավաքը, անշուշտ, կարող է հանգեցնել առօրյայի բնականոն ընթացքի, այդ թվում երթևեկության, որոշակի խափանման: Ըստ այդմ, Եվրոպական դատարանը վճռեց, որ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ հավաքին միջամտությունն անհամաչափ է եղել և անկարգությունների կանխման համար ոչ անհրաժեշտ:
Ուշադրության է արժանի Եվրոպական դատարանի մեկ այլ որոշումը Մահմուդովն ընդդեմ Ռուսաստանի գործով: Այս դեպքում ևս իշխանությունները արգելել էին նոր բազմաբնակարան շինության դեմ ուղղված խաղաղ հավաքի իրականացումը: Չնայած իշխանությունների արգելքին, հավաքն, այնուամենայնվիվ, տեղի էր ունեցել, սակայն ոստիկանության աշխատակիցները դադարեցրել էին խաղաղ հավաքը: Ռուսաստանի իշխանություններն իրենց գործողությունները հիմնավորելու համար որպես փաստարկ բերել էին «ահաբեկչական գործողությունների բռնկման» վտանգը: Այս գործով ևս Եվրոպական դատարանը ոստիկանության գործողությունները որակել էր որպես մարդու իրավունքների խախտում՝ շեշտելով, որ հավաքի կազմակերպման նկատմամբ արգելքները պետք է միմիայն կիրառվեն հավաքների ընթացքում բռնության և անկարգությունների լուրջ վտանգի առկայության դեպքում, և պետությունը չպետք է ուռճացնի բռնության վտանգը որպես հավաքի կազմակերպման խոչընդոտման միջոց:
Կոմիտաս 5-ում երթևեկության խոչընդոտումը լուրջ վտանգ չէր սպառնում ռազմավարական նշանակության որևէ օբյեկտի կամ պետական մարմնի բնականոն գործունեության համար: Ավելին, ոստիկանության աշխատակիցներն ունեին հավաքը դադարեցնելու փոխարեն իրավիճակը կարգավորելու այլընտրանք: Ոստիկանությունը կարող էր տրանսպորտային միջոցներին հրահանգել շրջանցել Կոմիտաս փողոցի այդ հատվածը և երթևեկել հարակից Հրաչյա Քոչար կամ Արամ Խաչատրյան պողոտաներով: Անհրաժեշտ էին միայն շրջանցին ուղղված համապատասխան տեխնիկական միջոցների ձեռնարկում, երբ կարող է արգելափակվել տրանսպորտային երթևեկության իրականացման համար նախատեսված պողատայի մի հատվածը: Նման պրակտիկա Երևանում շատ հաճախ կիրառվում է ճանապարհային նորոգման աշխատանքների, պաշտոնական պատվիրակությունների երթևեկության, հրապարակային միջոցառումների և այլ դեպքերում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.andreasyan.925/posts/252129568268861?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել