Հիշում եք,
Անշուշտ ,ողջն հիշում եք դուք,
Ես կանգնած էի
Լուռ,հենված պատին,
Հուզմունքից քայլում
Եվ ինչ-որ շատ թունդ
Խոսքեր էիք դուք
Նետում ճակատիս:
Դուք ասում էիք՝
Պետք է բաժանվել.
Որ տանջել է ձեզ
Իմ կյանքը անսանձ,
Որ դուք ուզում եք
Արդեն գործ անել,
Մինչդեռ պետք է ես
Գլորվեմ դեռ ցած:
Սիրելիս,
Դուք ինձ չեք սիրել բնավ,
Դուք չգիտեք ,որ ես այս կյանքում,
Նման եմ եղել ձիուն քրտնած,
Որին հեծյալը քշել է անքուն:
Դուք չգիտեիք,
Որ սև ծխի մեջ,
Կենսական հողմի այս պտտանում,
Նրա համար եմ տանջվում ես անվերջ,
Որ չգիտեմ,թե բախտն ուր է տանում:
Դեմքը դեմքի դեմ՝
Չես տեսնի սակայն,
Հեռվից է միշտ էլ մեծը երևում,
Դժվար է այնպես ու օրհասական
Վիճակը նավի,երբ ծովն է եռում:
Երկիրը-նավ է...
Ու մեկը հանկարծ
Նոր ու փառավոր մի կյանքի համար
Մեր երկրի նավը դեպի փոթորկված
Ծովի տարերքը տարավ վեհաբար:
Բայց նավի վրա մեզանից այդ ո ՞վ
Վատ չի զգացել սրտախառնուքից:
Քչերը եղան,որ փորձված հոգով,
Չտատանվեցին հողմից ու բուքից:
Ու ես էլ այնժամ,
Երբ խոլ ու աղմուկ էր,
Իմ գործին այնպես գիտակ ու հմուտ,
Որ էլ չտեսնեմ սրտախառնուքը,
Իջա այդ նավի ներքնահարկը մութ:
Իսկ դա ռուսական
Պանդոկն էր խավար,
Ու ես գավաթին թեքվեցի անքուն,
Որ չտառապեմ ոչ ոքի համար:
Խորտակվեմ հարբած
Այդ զառանցանքում:
Սիրելիս,
Ես ձեզ տանջել եմ անվերջ,
Թախիծ կար ձեր լուրթ,
Հոգնած աչքերում,
Որ պանդոկային կռիվների մեջ
Ես իմ կյանքն էի
Անփույթ սպառում:
Բայց չգիտեինք,
Որ սև ծխի մեջ,
Կենսական հողմի այդ պտտանում,
Նրա համար եմ
Տանջվում ես անվերջ,
Որ չգիտեմ ,թե բախտն ուր է տանում:
Տարիք են անցել:
Հասակս այն չէ:
Այլ կերպ եմ հիմա զգում ու խորհում:
Ու միշտ տոնական գավաթի առջև
Ես ղեկավարի փառքը ներբողում:
Պատել է այսօր
Ինձ մի նուրբ հուզում,
Հիշել եմ հոգնած տխրությունը ձեր
Եվ հաղորդել եմ
Հիմա ձեզ ուզում,
Թե ինչ էի ես
Ու ինչ եմ դարձել:
Եվ հաճելի է ,
Ինձ համար այնքան
Հայտնել ձեզ,որ ես փրկվեցի վիհից
Եվ հիմա երկրում մեր սովետական
«դարձել եմ մոլի ու թունդ ուղեկից»:
Ես այն չեմ հիմա,
Ինչ էի առաջ,
Ձեզ առաջվա պես
Չէի տանջի էլ...
Ես ազատության
Դրոշը առած,
Պատրաստ եմ մինչև
Լամանշը քայլել:
Ներեցեք,
Գիտեմ,հինը չեք էլ դուք,
Ամուսին ունեք լուրջ,մեծապատիվ,
Ձեզ պետք չէ բնավ
Խոնջանքն իմ հոգու,
Ինքս էլ ձեզ պետք չեմ
Եվ ոչ մի կաթիլ:
Ապրեք
Աստղի տակ ձեր այդ լուսաշող,
Թող բախտը կանգնի միշտ ձեր տան սեմին:
Ջերմ ողջույններով,
Ձեզ հավետ հիշող
Բարեկամը ձեր՝
Սերգեյ Եսենին
*****
Վաղ հասակից է երևում արդեն,
Ինչ որ հոգուդ մեջ ապրում է ու կա,
Թե չդառնայի կյանքում բանաստեղծ,
Գուցե լինեի գող ու սրիկա:
Ցածր հասակով ու նիհարավուն,
Բայց տղերքի մեջ միշտ քաջ էի ես
Եվ հաճախ էի վերադառնում տուն,
Կռվում արնոտած թե քիթ ,թե երես:
Եվ ի պատասխան իմ մորը բարի,
Ես ասում էի բերանով արնած.
«Ոչինչ,այդ ոտքս դեմ առավ քարի,
Վաղը ամեն ինչ կլավանա»:
Անցել են վաղուց օրերն այն անգին,
Անցել են օրերն այն խենթ ու եռուն,
Եվ սակայն նրանց ուժը անհանգիստ
Հորդում է հիմա իմ երգերում:
Խոսքերի ոսկե շեղջերի տակին,
Ամեն տողի մեջ իմ այս գրած,
Այն սանձարձակի ու ստահակի
Հանդգնությունն է կարծես դրած:
Առաջվա նման ես հպարտ եմ դեռ...
Ու առաջվա պես հանդուգն ու քաջ,
Բայց եթե քիթս են առաջ արնոտել,
Հիմա հոգիս է արյունոտված:
Ու ոչ թե,ոչ թե իմ մորը բարի,
Այլ ամբոխին եմ ասում հիմա.
«Ոչինչ,այդ ոտքս դեմ առավ քարի,
Վաղը ամեն ինչ կլավանա»:
*****
Այո: Վճռված է:Հիմա անդարձորեն
Ես թողեցի արդեն դաշտերն հայրենական:
Եվ թևավոր իրենց տերևներով նորեն
Բարդիներն ինձ վրա էլ չպիտի զնգան:
Ցածլիկ տունն առանց ինձ կդառնա կուզ ու կեռ,
Վաղուց է,ինչ չկա և մեր շունը ծերուկ:
Աստծով որոշված է,որ շրջեմ ու սատկեմ
Մոսկովյան այս ծուռտիկ ու նեղ փողոցներում:
Սիրում եմ քաղաքն այս՝ծփիներով լիքը,
Ի՜նչ փույթ,թե թառամ է,ինչպես նաև զառամ:
Ոսկե Ասիան ինքն է,քնկոտ Ասիան ինքը,
Որ մեռել է նրա գմբեթների վրա:
Իսկ երբ գիշերները լուսինն է փայփլում,
Այնպես է փայփլում...Էհ,սատանան գիտի,-
Կրծքիս վրա գլուխս ինքն իրեն փլում,
Ու քայլում եմ դեպի գինետունը մոտիկ:
Այդ նողկալի որջում միշտ էլ աղմուկ է բիրտ,
Բայց ես մինչ լուսաբաց,ամբողջ գիշերն արթուն,
Ավազակների հետ տապակում եմ սպիրտ,
Սմքած պոռնիկներին իմ երգերն եմ կարդում:
Գնալով իմ սիրտը զարկում է խիստ արագ,
Ու խոսում եմ հաճախ արդեն և անտեղի.
«Ես էլ նույնն եմ՝ձեզ պես կորած մի անառակ,
Ու ետ չեմ դառնալու այլևըս այս տեղից»:
Ցածլիկ տունն առանց ինձ կդառնա կուզ ու կեռ,
Վաղուց է,ինչ չկա և մեր շունը ծերուկ:
Աստծով որոշված է,որ շրջեմ ու սատկեմ
Մոսկովյան այս ծուռտիկ ու նեղ փողոցներում:
*****
Շարունակությունը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://lili-mardastco.blogspot.com/2013/09/blog-post_9567.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել