Ա՜խ, սովոր եմ ես այս ցավին,
Ինչպես հմուտ կավագործն է սովոր կավին,
Ես էլ այդպես ձեռքերիս մեջ ցավն եմ հունցում,
Հետո ցավն այդ հուգուս անշեջ բովում թրծում,
Մի բուռ <<կավից>> ես կուռ ցավ եմ անվերջ ստեղծում:
Պատկերավոր արձանախումբ,
Մեկ սեր, մեկ մահ և մեկ էլ խիղճ…
Իսկ հետո էլ  կավագործը,
(իմ պես խելառ <<ցավագործը>>)
Երբ քրտինքն է դեմքից սրբում,
Ձեռքի կավն է դեմքին քսվում,
Լույս ճակատն է ցավով ծածկում,
Ու ճակատին ցավն է գրվում…
Ցավն է գրվում խենթ մարդկության,
Ով իր ցավով ոչ թե ապրում, այլ հրճվում է:
Մեկ մահ, մեկ սեր ու մեկ էլ մեղք…
Անկեղծության արձանախումբ,
և՛ սեր
և՛ մահ
և՛ մեղք
և՛ խիղճ
Սակայն երբեք, ոչ մի անգամ,
Կյանք չի գրվում, չի քանդակվում,
Լոկ քանդվում է…
Քանդվում այնպես,
Ինչպես հմուտ կավագործը մեռած կավից,
Փորձում է կյանք հունցել նորից …
Սակայն ցավ է…
Կփշրվի մեռած կավը,
Որքան էլ ճիշտ նրան հունցես,
Կամ էլ հոգու բովում թրծես,
Միևնույնն է ազնիվ ձեռքը,
Երբ երեսն է մաքրել փորձում,
Ցավն աշխարհի ճակատին է նորից քսվում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել