Iravaban.net-ը գրում է.
Գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, եթե անձը գործազրկության նպաստի ստացման ժամանակաշրջանում ընդգրկվում է վարձատրվող հասարակական աշխատանքներում, տեղավորվում է ժամանակավոր աշխատանքի կամզբաղվածության պետական ծառայության ուղեգրով մասնակցում է մասնագիտական ուսուցման դասընթացներին` վարձատրվող հասարակական կամ ժամանակավոր աշխատանքի՝ մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությանը համապատասխան ժամկետով:
Եթե գործազրկության նպաստի վճարման կասեցման ժամանակաշրջանն ավարտվելուց հետո անձն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք, ապա զբաղվածության պետական ծառայությունը վերականգնում է գործազրկության նպաստի վճարումը կասեցման ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից:
Զբաղվածության պետական ծառայության կողմից երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, իսկ ժամանակավոր աշխատանքի, մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում՝ դրանց տևողությանը համապատասխան ժամկետով:
Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքումզբաղվածության պետական ծառայության որոշմամբ նշանակվում է գործազրկության նպաստ, կամ կատարվում է վերահաշվարկ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը սույն օրենքի 8-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ՝
1) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.
2) գործազուրկը երկու անգամ անընդմեջ զբաղվածության պետական ծառայության հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար.
3) գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ.
4) գործազուրկը հեռացվել է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով.
5) գործազուրկը հրաժարվել է զբաղվածության պետական ծառայության ուղեգրով մասնագիտական ուսուցումից հետո ձեռք բերած մասնագիտությանը համապատասխան հարմար աշխատանքից.
6) օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճռով գործազուրկին ազատազրկելու մասին դատարանի դատավճիռը, կամ գործազուրկը դատարանի դատավճռով ուղարկվել է հարկադիր բուժման.
7) գործազուրկը մահացել է:
Ազատազրկման կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցի կիրառման վայրից վերադառնալուց հետո գործազրկության նպաստը նշանակվում է ընդհանուր հիմունքներով: