BlogNews.am-ի գլխավոր խմբագիր

Մեր գործունեությանը հետևողները մեզ հաճախ են հիշեցնում, որ մեր երկրում օգնության կարիք ունեցողները ահռելի չափերի են հասնում ու ասում են, որ եթե մենք բոլորին օգնել չենք կարող, այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ ունի մեր արածը: Ասում են, որ մենք լավագույն դեպքում մի քանի ընտանիք կարող ենք փրկել, ինչը փոշեհատիկ է պրոբլեմների այս օվկիանոսում: 

Այս դիտարկմանը կպատասխանեմ հոլիվուդյան հայտնի` «Սուրբը» ֆիլմում Էդի Մերֆիի հնչեցրած հրաշալի մտքով. «Փոթորկված ծովը ափ է նետում հսկայական քանակի ձկներ, այդ ժամանակ մի փոքրիկ աղջիկ սկսում է հապշտապ ձկները նետել ծով: Մոտենում է մի տարեց մարդ ու հարցնում. ի՞նչ իմաստ ունի արածդ աշխատանքը, երբ բոլորին փրկել չես կարող, իսկ փոքրիկ աղջնակը պատասխանում է, որ իր արած գործն իմաստ ունի նրանց համար ում որ ինքը կկարողանա փրկել»: Չեմ թաքցնի, որ սկզբնական շրջանում հենց այս գաղափարով տպավորված ենք սկսել մեր բարեգործական արշավները ու մեր աշխատած գումարի մեծ մասը նվիրաբերել կարիքավորներին: Իհարկե առանձին ընտանիքներով վաղուց արդեն չենք սահմանափակվում ու գնալով խոշորացնում ենք մեր օգնությունների շրջանակը՝ զուգահեռաբար նոր ծրագրեր մշակելով: Նաև վստահ ենք, որ այսպես շարունակելու դեպքում մեզ պես «ձկները ծովը նետողների» թիվը ոչ թե մի քանի տասնյակ կլինի, այլ հարյուրներն ու հազարները ու բացի ռեալ օգնություններից կկարողանանք նաև ընդհանուր միջավայրի որակի վրա ազդել:

Համացանցում քիչ չեն նաև դժգոհությունները նրանից, թե Blognews-ի կողմից կազմակերպված բազմապիսի բարեգործական ակցիաները ինչու ենք համացանցում հանգամանորեն լուսաբանում: Շատերի կարծիքով բարեգործությունը պետք է անել լռակյաց ու ամենևին կարիք չկա բարձրաձայնել դրա մասին: Շատերը նաև աստվածաշնչյան հայտնի գրվածնքն են մեջբերում, որ աջ ձեռքը չպիտի իմանա, թէ ինչ է անում ձախը: Սա էլ հետաքրքիր դիտարկում է ու հարկ եմ համարում պատասխանել: 

Մեր թիմի որևէ անդամ ընդգրկված չէ «Ֆորբսի» ցուցակներում, ու մեծամասամբ դրանով է պայմանավորված այն, որ մենք չենք կարող սուսուփուս բարեգործություն անել և այնպես անել, որ այդ մասին հանկարծ ոչ-ոք չիմանա: Մեր գործի մեջ հիմնականում ներ ենք դնում մեր` երիտասարդներիս ջանքերը, և մեր համեստ հնարավորություններով էլ մի ինչ-որ քանակության նյութական միջոցներ ենք ապահովում, իսկ հիմնական մասը հավաքագրվում է այն մարդկանցից, ովքեր համացանցից կամ մամուլի տարբեր միջոցներից տեղեկանում են մեր իրականացվելիք ակցիաների մասին: Իսկ թե ինչպես է հնարավոր ձեզ ներգրավել մեր բարեգործական ծրագրերում, առանց մեր կատարվելիք ծրագրերի մասին իրազեկելու ու նաև կատարվածների մասին հրապարակային հաշվետվություն ներկայացնելու, դժվարանում եմ պատկերացնել: Բացի այդ բարեգործության հրապարակայնությունը հնարավորութուն է տալիս մեր հասարակությանն ավելի բարի դարձնելու, որ ամեն օր սպանությունների, թալանի ու ավելածություների սենսցիոն լուրերի կողքին մի փոքր բարին տեսնենք, որ այդ բարու ծիլերը խնամքով փայփայենք ու ջանանք ավելացնել: 
Մենք հասկանում ենք, որ այս տարիներին քաղաքական դրդապատճառներով պայմանավորված բարեգործությունը թաքնված ընտրակաշառքի ձև է ստացել ու այդ իսկ պատճառով հրապարակայնացնել բարեգործությունը շատերի մոտ բացասական ասոցիացիա է առաջացնում, բայց չպետք է դրանից վախենալով դադարել բարին քարոզել, ինչ է թե կարող է մեզ սխալ հասկանան: 
Ի դեպ, ուզում եմ առանձնահատուկ նշել, որ այս բարեգործական ակցիաների հարցում մի առանձահատուկ համերաշխություն է նկատվում լրատվամիջոցների մոտ: Ուրիշ հարցերում, եթե մրացկությունն իրար հանդեպ առաջ է բերում որոշ անհարթ հարաբերություններ, ապա այս հարցում մենք շատ հաճախ կարիքավորների մասին տեղեկանում ենք տարբեր լրատվամիջոցների հրապարակումներից, իսկ մեր կատարած գործերն էլ նրանք են ակտիվորեն տարածում, լուսաբանում ու իրենց հրապարակումներով բազմակողմանի անդրադարձ կատարում:
Չպետք է մոռանանք, որ սոցալական այս ահավոր շերտավորման պարագայում, երբ աղքատները իրենց բազմապիսի պրոբլեմներով պարփակվել են իրենց խղճուկ տնակներում, իսկ հարուստներն էլ իրենց առանաձնատների բարձր պարիսպներով են տարանջատվել շրջապատող աշխարհից ու պրոբլեմներից, միակ հնարավորությունը, որ այս երկու կողմերի հանդիպումը կազմակերպենք առայժմ համացանցն է, որի հնարավորություններն էլ փորձում ենք առավելագույնս օգտագործել:

Վերջում ուզում եմ ասել, որ մեր արածների մեջ գաղտնի ենթատեքստեր փնտրելն ու մեր ծածուկ նենգ նպատակները ջրի երես հանելու փորձերն անիմաստ են, որովհետև այդպիսիք պարզապես չկան: Մեր նպատակը բարին քարոզելն ու բարեգործությունը վարակիչ դարձնելն է: Մենք հստակ հասկանում ենք, որ մենակ ոչնչի չենք հասնի ու կոչ ենք անում մի բռունցք դառնալ: Մենք մարտահրավեր ենք նետում սոցիալական անարդարությանը ու մեր համառությամբ հաղթում: Մենք կոչ ենք անում համախմբվել ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Մենք խնդրում ենք գործել ոչ թե ի հակադրություն, այլ՝ ի շահ: Մենք ձեռք ենք մեկնում նրանց, ում ճակատագիրը վաղուց լքել է: Մենք վատ իշխանավորի հանդիպելիս չենք հուսահատվում ու չենք արտագաղթում, այլ օգնում ենք նրանց ավելի լավը դառնալ ու խաղալ մեր թիմից: Մենք գիտենք, որ պետությունը մենք ենք: Մենք հստակ գիտենք՝ ինչ սոցիումում ենք ուզում ապրեն մեր երեխաները ու փորձում ենք մեր շրջապատը դարձնել այդպիսին: Մենք երիտասարդ ենք, մի քիչ ռոմանտիկ, մի քիչ խենթ, բայց մեզ մի բան է միավորում՝ ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԻՆ ՈՒ ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել