Այն, որ այսօր Հայաստանում կա գործազուրկների մի մեծ բանակ, դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Գաղտնիք չէ նաև, որ աշխատանք ունեցող մարդկանց մեծ մասը վարձատրվում է ցածր աշխատավարձով, որով հազիվ կարողանում է հոգալ մինիմալ ծախսերը:
Սակայն եկեք նայենք այս ամենին մի փոքր այլ տեսանկյունից: Ո՞րն է ավելի նախընտրելի. աշխատել ցածր աշխատավարձով, թե՞ նստել տանը, հրաժարվել Ձեր մասնագիտությանը չհամապատասխանող աշխատանք կատարելուց, թեկուզ ցածր աշխատավարձով, բողոքել ամեն ինչից, հայհոյել բոլոր պաշտոնյաներին` պատճառաբանելով, թե միայն նրանք են մեղավոր Ձեր այդ վիճակի համար: Հարգելիս, եթե դու հրաժարվում ես 60.000 դրամով անել մի աշխատանք, որը քեզանից այդքան էլ մեծ տանջանք չի պահանջում, ապա դու իրավունք չունես որևէ բանից բողոքելու. տանը նստելով` այդ գումարը չես վաստակի և հազիվ, թե դրանից քո կոմունալ ծախսերը նվազեն:
Ինքս, ունենալով բավականին լավ մասնագիտություն, աշխատել եմ տարբեր բնագավառներում` հաշվի չառնելով, որ այդ աշխատանքը իմ մասնագիտության հետ կապ չունի, և որ այդ աշխատավարձն ինձ համար շատ քիչ է: Չեմ կարծում, թե կա այնպիսի մարդ, ով կբավարարվի իր աշխատավարձով, քանի որ մարդու պահանջմունքներն անսահմանափակ են, իսկ դրանց բավարարման համար եղած ռեսուրսները` խիստ սահմանափակ: Անհարժեշտ է, որ բոլորս համախմբվենք, ամենքս անենք այն, ինչ կարող ենք, սակայն, բնավ, բողոքելը նկատի չունեմ: Բողոքել կարող է ցանկացած մարդ, որ տիրապետում է հայերեն լեզվի մինիմալ բառապաշարին: Բողոքելու փոխարեն պետք է աշխատել, անել կամայական մի գործ, հարկ մուծել` դրանով իսկ հարստացնելով մեր «կարիքավոր» բյուջեն: Կարող եք հակադարձել, թե միևնույնն է, եթե մենք բարեխղճորեն մուծենք էլ հարկերը, բյուջեն թալանվելու է, այդ գումարները մսխվելու են: Մսխվում են այն փողերը, որոնց «ճակատագրով» ոչ ոք չի հետաքրքրվում:
Երբ դու աշխատում ես և քո եկամուտից հարկ ես մուծում, այդ դեպքում կարող ես պահանջել, ոչ թե բողոքել: Մի՞թե մենք ի վիճակի չենք, մրջյունի պես համախմբված, ոտքի կանգնեցնել մեր` անկում ապրող տնտեսությունը:
Ձեզ չթվա, թե ես փորձում եմ արդարացնել կառավարության արած թերի աշխատանքը, սակայն, իմ խորին համոզմամբ, եթե նույնիսկ մենք ունենայինք մոլորակի ամենաաշխատասեր և արդար կառավարությունը, ընդամենն ունենալու էինք սրանից մի փոքր ավելի դրական պատկեր, քանի որ, երբ ծուլանում է ժողովուրդը, կառավարությունն այդտեղ անկարող է որևէ բան փոխել:
Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, սիրելի հայ մարդ, եկեք ցույց տանք բոլորին, թե որքան աշխատասերն ենք մենք և որ չենք վախենում ոչ մի աշխատանքից: Մեզանից յուրաքանչյուրը մեր երկրի տնտեսության կարևոր և բաղկացուցիչ մասն է: Չվախենանք ցածր աշխատավարձից և ոչ մասնագիտական աշխատանքից, քանի որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն է ընկնում:
Կից նյութն՝ այստեղ