ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Խաչատրյանի գրավոր հարցադրումը ՀՀ կառավարությանը. Երևանի մի քանի պետական բուհերում ուսման վարձավճարների թանկացումից հետո, բազմաթիվ ուսանողներ դիմել են ինձ՝ համարելով, որ ոտնահարվել է իրենց մատչելի կրթություն ստանալու իրավունքը: ԱԺ կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի ը) ենթակետի համաձայն, խնդրում եմ ինձ պարզաբանել.

1. Ինչ հաշվարկների հիման վրա են որոշ բուհերում կատարվել ուսման վարձավճարների թանկացում, որքանով են այդ հաշվարկները հիմնավորված ԿԳ նախարարության կողմից:

2. Ուսման վարձավճարների թանկացումը ինչ կերպ կարող է ազդել ուսման որակի բարձրացման վրա:

3. Ինչ մեխանիզմներ է կիրառում ԿԳ նախարարությունը, որպեսզի այս ամենից չտուժեն սովորելու ցանկություն ունեցող և սոցիալապես անապահով ուսանողները: ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանի գրավոր հարցադրումների վերաբերյալ ՀՀ կառավարության պատասխանը ներկայացրել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը.

1.Առաջնորդվելով որակյալ և մրցունակ կրթություն ապահովելու հրամայականով՝ բուհերն իրենց ինքնավարության շրջանակներում կայացրել են վարձավճարների բարձրացման որոշում: Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ բուհերում բավական ցածր է ուսանող-դասախոս և ուսումնաօժանդակ անձնակազմ հարաբերակցությունը: Վարձավճարի բարձրացման պատճառներից մեկը հետապնդում է նաև վերջիններիս սոցիալական խնդիրները լուծելու նպատակ: Վերջին 4-5 տարվա ընթացքում շատ բուհերում վարձավճարի վերանայում տեղի չէր ունեցել և ելնելով բուհերի առջև ծառացած ֆինանսական դժվարություններից՝ վերանայվել է ուսման վարձավճարների չափը:

2. Բուհերը նախատեսում են առաջացած ֆինանսական միջոցներն ուղղել ինչպես նյութատեխնիկական բազայի, այնպես էլ կրթության կազմակերպման ամենատարբեր բաղադրիչների բարելավմանը: Մասնավորապես նախատեսվում է իրականացնել դասախոսների վերապատրաստման ծրագրեր, մշակել և ներդնել դասավանդման նոր մեթոդիկաներ, որի արդյունքում կբարձրանա բուհերի կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակը:

3. Կրթության և գիտության նախարարության առաջիկա բարեփոխումների շրջանակում նախատեսվում է բուհերի կառավարման ինքնուրույնության աստիճանի ավելացմանը զուգահեռ հաստատության գործունեության թափանցիկության և հրապարակայնության ավելացում, որի արդյունքում բուհերը ավելի հաշվետվողական կլինեն բյուջեների տնօրինման և վարձավճարների ծախսման առումով: ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջնային բարեփոխումների շրջանակում կարևորություն է տրվում նաև սոցիալական ուղղվածության ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ համաձայն <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլսիս 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1323-Ն որոշմամբ՝ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ պետական բուհերում գործելու է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման (զեղչի) նոր համակարգ, ըստ որի ուսանողներին կարող է տրամադրվել 50-100 տոկոսի չափով փոխհատուցում՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) նվազագույն շեմը հաղթահարելու և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունենալու պարագայում, և այդ որոշումը կգործի ս/թ սեպտեմբերի 1-ից: Ներկայումս նախատեսվում է <<Կրթության մասին>> և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին >> ՀՀ օրենքներում կատարել փոփոխություններ, որտեղ ներառված է նաև ուսման զեղչերի տրամադրման կանոնակարգված համակարգ, սահմանված է զեղչի նվազագույն շեմ: Օրենքի փոփոխության շրջանակում նախատեսված է նաև սահմանել կրթական ծրագրերի համար վարձավճարի առավելագույն շեմ, որը կախված կլինի բուհերի հավատարմագրման արդյունքներից: Սա իր հերթին կապահովագրի բուհերի կողմից մատուցվող կրթական ծառայությունների վերաարժևորման ռիսկից: ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում ՀՀ կառավարության կողմից սահմանված գերակա մասնագիտությունները: Նախատեսվում է ավելացնել նաև ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցվող (պետպատվեր) տեղերի քանակը այն մասնագիտությունների համար, որոնք պետության համար գերակա ուղղություններ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել