
Երեկ՝ հունիսի 9-ին, «Հայկական օրակարգ» նախաձեռնության բանախոսությունների շարքի շրջանակում տեղի ունեցավ Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի բանախոսությունը։ Այն անցկացվեց «Պետություն-Եկեղեցի հարաբերություններ. մարտահրավերներ և հնարավոր լուծումներ» խորագրով։
Քահանան ներկայացրեց պետություն-եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակը, անդրադարձ կատարեց վերջին շրջանի զարգացումներին ու ներկայիս մարտահրավերներին, պատասխանեց բանախոսությանը ներկա մասնակիցների հարցերին։
Բանախոսության ընթացքում քահանան մեկ ուշագրավ տեղեկություն հայտնեց Աստվածաշնչի թարգմանության վերաբերյալ։
«Վերջին շրջանում բոլորը մեջբերումներ են անում Աստվածաշնչից։ Հիմա իմ ձեռքին Աստվածաշունչն է, Արարատյան թարգամանությամբ, Վազգեն Վեհափառի ստորագրությամբ։
Դուք գիտեք, որ 1980-ականներին սկսվեց Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանությունը, տարբեր մարդիկ, այդ թվում՝ իմ դասախոսներն են մասնակցել Աստվածաշնչի թարգմանությանը, նաև Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նիկոլ Փաշինյանն այդ հայտնի սաղմոսները, որոնք ցիտում է ամեն առավոտ, Լևոն Տեր-Պետրոսյանի թարգմանությամբ են»,- նշեց Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։
Հոգևորականը նաև շեշտեց՝ կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիներում հոգևորականները կարող են հայտնել քաղաքական կարծիք, բայց չեն կարող լինել կուսակցական։
«Մենք՝ հոգևորականներս, չունենք միավորում, միակ միավորողը Հիսուս Քրիստոսն է, կարո՞ղ ենք կարծիք հայտնել, այո՛, կարող ենք, կարո՞ղ ենք քաղաքական հայտ ներկայացնել, այո՛, կարող ենք, բայց հոգևոր կարգը պետք է առանձին թողնենք»,- նշեց քահանան։
Հիշեցնենք, որ այսօր արդեն 12-րդ օրն է՝ ինչ Նիկոլ Փաշինյանն ամեն առավոտ իր ֆեյսբուքյան էջում սաղմոսներ է տեղադրում ու թիրախավորում Առաքելական եկեղեցին ու Գարեգին 2-րդ վեհափառին, նրան մեղադրելով կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, սպառնալով, որ հեռանա, հակառակ դեպքում ապացույցներ կհրապարակի։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 7-ին Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Նա իր լիակատար աջակցությունն էր հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։
Այս հանդիպումից հետո իշխանական թևը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեց թիրախավորել Լ. Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանը նրան մեղադրել էր ընտրությունները կեղծելու մեջ, ասելով, որ նա «ընտրությունները կեղծելու պրակտիկայի հիմնադիրն է և նա, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։