Ամբողջ կյանքս ինտիմ է:
Առավոտյան գլուխս բռնաբարում է հարևանի տղան, որին չգիտես ինչու ծնողները բոլոր երաժշտական գործիքները փորձելուց հետո, որոշել են, որ պետք է դհոլչի դառնա:
Բակում բռնաբարում են ծտերը - Իջնում եմ բակ մոտենում, տեսնում, որ հարևանի լվացքից մեքենայիս վրա կաթացած օճառաջրերը դեռ քիչ են հիմա էլ ծտերն են ծրտել:
Ճանապարհին բռնաբարում է դալտոնիկ ոստիկանը:
Աշխատատեղում աչքերս են բռնաբարում աշխատակցուհիների կարճ հագած շրջազգեստների երկարությունը:
Շեֆիս մոտ մտնելուց՝ շեֆս կին է, բռնաբարում են նրա ակնոցները, որը որ երբ հագնում է անմիջապես կարմրում է, տեսնես ի՞նչ է տեսնում դրանց միջից:
Մտքումս ասում եմ.
- Ա՜խ դու, մարազմատիկ չարաճճի, տակից այնպես եմ հագնվում, որ ոչինչ չտեսնես ու տանջվե՜ս:
Երանի այդ ակնոցները մի քանի րոպեով տար հագնեի, նայեի հավաքարար Սոնային, որը ունի 166 սմ հասակ, բարձրագույն տնտեսագիական կրթություն, գերազանց տիրապետում է անգլերենին ու միշտ «Կոկո Շանելին» ասում է «Կուկու Չանել»:
Աշխատանքից տուն գնալիս գլուխս է բռնաբարում, աշխատակցուհիս, որը մեր կողմերում է ապրում ու ամեն անգամ տուն իմ մեքենայով է գնում տուն:
- Պատկերացնո՞ւմ ես, Վարդգեսս թոռանս համար մահճակալ է սարքում, վախենամ մինչև վերջացնի, երեխան մեջը չտեղավորվի - ու այսպես արդեն երեք ամիս է…
- Մի րոպե սպասիր, ես հինգ րոպեով խանութ մտնեմ, ու կշարունակենք,- բնական է, որ չի լսում ու դեռ խոսում է…
Խանութում աչքերս նորից բռնաբարվում են վաճառողուհու կողմից, ուշադիր նայում եմ կրծքերին, խե՜ղճ իմ աչքեր…
- Անունս եք ուզում կարդա՞լ, - ի նկատի ունի բեյջի վրա գրվածը…
- Ինչո՞ւ ներսի կողմից էլ է գրված «Արմինե», նակոլկա՞ է:
Նայում է վերնաշապիկի մի չկոճկած կոճակին ու ժպտում:
- Առաջարկում եմ այս մակիյաժի հավաքածուն, իհարկե դուր կգա Ձեր կնոջը կամ …
- Վերցնո՜ւմ եմ, - վերցնում եմ տուփը ձեռքերով, իսկ աչքերով նրա կուրծքը ու նորից շտապում մեքենայիս մոտ, որտեղ աշխատակցուհիս դեռ պատմում է Վարդգեսից:
Տուն եմ մտնում՝ կինս է գլուխս բռնաբարում:
- Չես տեսնո՞ւմ, որ նոր եմ մաքրել, գոնե կոշիկներդ հանիր…
…անցած անգամ միսն աղալիս մսաղացը չէիր մաքրել, մեջը միս էր մնացել, հոտել էր…
…այս ինչպե՞ս ես լվացվում, ամբողջ հատակը ջրի մեջ կորած է…
…կյանքս կերել ես քո սափրվելով, հազար անգամ եմ ասել, իմ մազերի շամպույնով մի սափրվիր..
Չեմ դիմանում.
- Լավ էլի՜, Սուս, բռնաբարիր թողիր, մի քիչ պոետիկ մտածիր, գլոբա՜լ:
- Ինչո՞ւ պետք է պոետիկ մտածեմ, ես անասնաբուժական կրթություն ունեմ ու քո նմաններին պետք է բուժեմ, բա դու խիղճ ունե՞ս… գոնե այսօր, որ ծննդյանս օրն է…
Ծիծաղում եմ ու մեկնում նվերը:
Ծիծաղս բռնաբարվում է ամբողջ բնակարանով մեկ, նրա հեծկլտանքով:
- Քեզ ի՞նչ եղավ, ուրախությունից այդպես չեն լաց լինում, գժվեցի՞ր:
- Ոչ, պոետիկ եմ մտածում ու քիչ է մնում արցունքներից խեղդվեմ: Պոետիկ եմ լաց լինում:
Ուզում եմ պոետիկ մեռնել…
- Ի՞նչ պոետիկ:
- Դու ես ասել, որ երբ մարդը մեկին սիրում է նա չի կարող նկատել սիրած էակի տարիների հետ առաջացող կնճիռները: Հիմա, որ դու ինձ այս մակիյաժի տուփն ես նվիրում ուրեմն էլ չես սիրո՞ւմ, նվիրում ես որ ծածկեմ կնճիռնե՞րս…
Տուփը, որը կարողացավ պոետիկ շարժումներով պարել օդում, թռավ ու զարկվեց պատի չաշխատող ժամացույցին, որի մարտկոցները արդեն քանի անգամ կնոջս զգուշացնելուց մոռանում էի գնել ու փոխել:
Կեսգիշեր է…
Գրում եմ ինտիմ տողեր, այսինքն կյանքի մասին, ուրիշ էլ ի՞նչ…
Բայց զգում եմ, որ այն չէ, պակասում է ինչ որ բան, ինչ որ դետալ, ինչ որ մասնիկ, որ այն դարձնի կատարյալ…
Մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս, սկսեց կարդալ գրածս:
- Այ այստեղ պետք է գրել…. Այ այստեղ բութ դիր ու շարունակիր այ այսպես…այստեղ շաղկապն ավելորդ է, այս բառը տեղափոխիր նախադասության վերջ…
Ահա թե ինչ էր պակասում իմ կյանքում՝ընդամենը կին, բավական էր կնոջ հպումն իմ պոեզիային ու…
Բավական էր կնոջ հպումն իմ կյանքին ու…
Ինտի՞մ…
Թող լինի ինտիմ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/535599266513047
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել