
News.am-ը գրում է․
Հրապարակային հայհոյելուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի նորակառույց դպրոցներ եւ մանկապարտեզներ եւ կրթվելու մասին «դասեր» տվել։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը եղել է Արեգնադեմի նորակառույց միջնակարգ դպրոցում: Մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների արժեքը կազմել է 739 մլն դրամ: Փաշինյանն ընդգծել է, որ ծրագիրը միայն շենքի կառուցումը չէ. «Դպրոցը միայն երեխաների համար սովորելու տեղ չէ, դպրոցը ինձ համար էլ է սովորելու տեղ, որովհետև այս այցելությունների ընթացքում մենք շատ բան ենք սովորում: Այս այցելությունները մեզ գիտելիք են տալիս մեր երկրի, տարբեր բնակավայրերի, տարբեր իրադրությունների, բնակավայրերում առկա խնդիրների մասին»:
Երկրի ղեկավարը կարևորել է դպրոցաշինության ծրագրերի պատշաճ իրականացումը, ինչպես նաև նորակառույց ուսումնական հաստատությունները նոր գույքով ապահովելու անհրաժեշտությունը: Վարչապետն անդրադարձել է երեխաներին ուղղված Կառավարության ուղերձին. «Պետք է նաև ճշգրիտ ձևակերպենք, թե ինչի համար ենք ուզում, որ մեր երեխաները լավ սովորեն։ Մենք գտել ենք այդ ձևակերպումը՝ երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք, որովհետև հենց լավ սովորելու արձագանքը պետք է լինի դա, որ դուք լավ ապրեք՝ որպես անհատներ, որպես համայնք, որպես մարզ, որպես պետություն, որպես հասարակություն: Ի վերջո սովորելու նպատակը լավ ապրելն է: Իսկ ի՞նչ է նշանակում լավ ապրել։ Ամեն հանրություն, ամեն համայնք, ամեն անհատ պետք է նաև ի վիճակի լինի ձևակերպել ինքն իր համար, թե ինչ է նշանակում լավ ապրել: Կառավարությունն առաջնորդող դեր ունի և կարող է առաջարկել, բայց ի վերջո ամեն մարդ պետք է կարողանա այն իր համար ձևակերպել և իր աշխատանքի միջոցով հասնել իր ձևակերպած լավ ապրելուն: Իսկ սրա համար մի տարբերակ կա՝ կրթությունը, մասնագիտական կարողությունների լավարկումը: Կրթությունը, թերևս, այն միակ բանաձևն է, որը մեզ հնարավորություն կտա գտնել բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք կյանքը մեր առաջ կարող է դնել»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ բոլորիս պետք են անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, իմացություն բոլոր հարցերին պատասխանելու համար. «Եվ այս դպրոցները մենք կառուցում ենք հենց այդ նպատակի համար, որ դուք կարողանաք ձևակերպել հարցեր, դժվար հարցեր, բարդ հարցեր, անսպասելի հարցեր, բայց նաև կարողանաք գտնել, ձևակերպել, մատուցել և մարսել այդ հարցերի պատասխանները, և այդ պատասխանները դարձնել կյանքի կոնկրետ, առարկայական հմտություն»: