Emedia.am-ը գրում է.
Հաջորդ տարվա պետական բյուջեով հարկային բեռի ավելացում չի նախատեսվում։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ 2014թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«Մեզ բավականին լարված աշխատանք է սպասում, քանի որ զարգացող երկրներում հաջորդ տարվա համար տնտեսական ցուցանիշների վատթարացում է կանխատեսվում։ Այսպես՝ Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը այսպիսի վատթարացում են կանխատեսում ռուսաստանյան շուկայի համար, ինչն էապես կազդի նաև մեզ վրա»,– eMedia.am–ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը։
Երկրորդ խնդիրը վերջին տարիներին Հայաստանում ներդրումների քանակի կրճատումն է, հետևաբար անհրաժեշտ է մտածել բիզնես միջավայրի բարելավման մասին։ Այս առումով՝ կարևորագույնը հարկային բեռի ճիշտ բաշխումն է։
«Ելնելով այս ամենից՝ մենք որոշեցինք 2014թ–ի պետական բյուջեում չավելացնել հարկային բեռը։ Եթե հիշում եք՝ նախորդ տարիներին, որպես կանոն, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն ավելացնում էինք 0.3-0.4 տոկոսով, սակայն հաջորդ տարի դա տեղի չի ունենա՝ բիզնեսի վրա ավելորդ ճնշում չգործադրելու համար»,– ասաց Տ. Սարգսյանը։
Վարչապետը նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելը նոր միջավայր է ստեղծելու հայաստանյան գործարար հանրության համար, և պետք է ջանքեր գործադրել՝ առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և այդ անցումը հնարավորինս սահուն կերպով իրականացնելու համար։ Այս ամենը բերել է բյուջեի հարկային եկամուտների մասի ճշգրտման մոտ 11 մլրդ դրամի չափով, ինչը հնարավորություն կտա չավելացնել հարկային բեռը։
«Իհարկե, մենք պետք է բավարար ռեզերվներ կուտակենք, որպեսզի պետական բյուջեն լինի առավել հուսալի։ Դրա համար ճշգրտումներ են եղել ծախսային մասում։ Արդյունքում՝ հունվարի 1-ից թոշակները կավելանան 15 տոկոսով, իսկ հուլիսի 1–ից աշխատավարձերը կավելանան 40 տոկոսով։ Այս ավելացումներն այն լրացուցիչ 90 մլրդ դրամն են, որոնցով 2014թ–ի պետական բյուջեն ավել կլինի ընթացիկ տարվա բյուջեից»,– նշեց վարչապետը։
Տ. Սարգսյանը նշեց, որ ավելացում է նախատեսված կապիտալ ծախսերի՝ դպրոցաշինության և ճանապարհաշինության համար։