ashion Զրույց-ների շարքը FashionYan-ում շարունակվում է Այսօր քեզ կծանոթացնենք երիտասարդ ֆեշըն բլոգեր, MashRoom բլոգի հիմնադիր Մարիաննայի հետ:
-Ողջույն, Մարիաննա: Կպատմե՞ս՝ երբ ես սկսել զբաղվել բլոգերությամբ և ինչու՞ հատկապես նորաձևության մասին որոշեցիր գրել:
-Իմ բլոգը արդեն 2 տարեկան է: Երբ որոշեցի վարել այն, արդեն աշխատում էի որպես լրագրող հայաստանյան առաջատար հասարակական-քաղաքական ամսագրում և հենց այդ ժամանակ հասկացա, որ ցանկություն ունեմ գրելու միայն նորաձևության մասին: Այն ամբողջովին նվիրված է նորաձևությանը, քանի որ շատ եմ սիրում այս ոլորտը և համարում եմ այն արվեստի ճյուղերից մեկը:
Նորաձևությամբ զբաղվելու մասին չեմ երազել մանկուց, ինչպես շատ դիզայներներ, փոխարենը պատանի հասակում 24 ժամ դիտելով fashiontv՝ երազում էի մոդել դառնալ, սակայն շատ լավ գիտակցում էի, որ չնայած Հայաստանում բարձր համարվող հասակիս, չեմ համապատասխանում միջազգային ցուցանիշներին: Այդ միտքը ինձ լքեց մինչև այն օրը, երբ առաջին անգամ հայտնվեցի նորաձևության մայրաքաղաք Փարիզում, որն էլ ինձ համար ոգեշնչման աղբյուր եղավ, և ես հասկացա, որ հենց այս ոլորտով եմ ցանկանում զբաղվել: Իսկ ֆեշըն բլոգեր լինելու համար պարտադիր չէ ունենալ 1.75 հասակ: Ըստ իս, ավելի կարևոր է ունենալ ասելիք, չէ՞ որ ֆեշըն բլոգեր լինելը մեծ պատասխանատվություն է, քանի որ քո միջոցով հազարավոր մարդիկ տեղեկանում են նորաձևության վերջին միտումներին և, ինչու չէ, նաև պատմությանը: Այդ ամենը գիտակցելով՝ անընդհատ աշխատում եմ ինձ վրա, փորձում եմ նոր գիտելիքներ ստանալ, շատ կարդալ նորաձևության պատմության և ժամանակակից միտումների մասին… Բայց, կարծում եմ, Ֆեշըն բլոգեր լինելը ինձ մոտ չէր ստացվի, եթե չզգայի նորաձևությունը:
-Մարդկանց հետ շփվելիս առաջինը ինչի՞ն ես ուշադրություն դարձնում:
-Առաջինը, իհարկե, ակամայից ուշադրություն եմ դարձնում մարդու կերպարին, ընդհանուր ոճին, չէ՞ որ, ինչպես ասել է հայտնի ոճաբան և դիզայներ Ռեյչել Զոյեն, ”Ոճը միջոց է ասելու, թե ով ես, առանց խոսելու”: Սակայն, միևնույն ժամանակ, պիտի նշեմ, որ ինձ համար շատ ավելի կարևոր է դիմացինի ժպիտը և աչքերի արտահայտությունը, ոչ մի հագուստ չի կարող ավելի լավ բնութագրել մարդուն, քան աչքերը:
-Կա՞ այնպիսի մի բան, ինչը քեզ դուր չի գալիս նորաձևության մեջ:
-Նորաձևությունը շատ արագ է սլանում առաջ… Առավելևս` վերջին տարիներին, երբ հիմնական աշուն-ձմեռ և գարուն-ամառ ցուցադրություններից բացի, հայտնվել են pre-fall, pre-summer, resort/cruise հավաքածուների ցուցադրությունները: Հասկանալով ֆինանսական ճգնաժամի պատճառով ստեղծված այս նորաձության շաբաթների բուն նպատակը՝ միևնույն է չեմ ընդունում դրանք՝ համարելով փոքր-ինչ անիմաստ: Իհարկե, լինում են նաև նորարարություններ դիզայներների կողմից, որոնք չեմ հավանում, բայց դա, կարծում եմ, նորմալ է, քանի որ դա իմ սուբյեկտիվ ընկալման խնդիրն է:
-Գտե՞լ ես քո ոճը:
-Կարծում եմ, այո: Եթե անտեսենք այն փաստը, որ ես, ինչպես յուրաքանչյուր մարդ, փոխվում եմ տարիքի, տարվա ժամանակի, տրամադրության հետ մեկտեղ, կա մի ոճ, որն իմն եմ համարում և լավագույնս ինձ զգում եմ հենց այդ ոճի հագուստի մեջ:
-Ի՞նչ խորհուրդ կտաս այն անձանց, ովքեր որոշել են նորաձևության մասին բլոգ վարել:
-Յուրաքանչյուր երիտասարդի, ով փորձում է ինչ-որ մի բան սկսել, կարևոր չէ, կապ ունի այն նորաձևության հետ, թե ոչ, ցանկանում եմ ինքնավստահություն, խիզախություն և համբերություն: Ամեն ինչի նորը դժվար է տրվում, այնպես որ պետք չէ հուսահատվել դժվարությունների առկայության դեպքում: Իսկ այն մարդկանց, ովքեր, այնուամենայնիվ, ընտրել են նորաձևությունը, խորհուրդ կտամ անընդմեջ փնտրել ոգեշնչում արվեստում, գրականության, բնության, ճարտարապետության մեջ… Կարծում եմ, միայն հարստացնելով սեփական ներքին աշխարհը, մարդը կարող է հասնել հաջողության: