
168.am-ը գրում է․
Հայաստանում արդարադատության ուշացման հարցը խորքային է, և պատճառներից մեկը կառուցակարգային ու բովանդակային խզումն է արդարադատության և հասարակության միջև։
Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում արդարադատությունը։
«Կարծում եմ, որ պատճառներից մեկը, որը ընկած է հարցադրման հիմքում, նաև այն է, որ Հայաստանի Հանրապետությունում կառուցակարգային և բովանդակային որոշակի խզում կա արդարադատության և սահմանադիրի՝ ժողովրդի միջև։ Ինչո՞ւ ենք մենք ասում, կամ ինչո՞ւ կա այդ հարցադրումը, թե արդյոք արդարադատությունն ու արդարությունը նույն բանն են կամ պիտի լինեն նույն բանը։ Երբ փորձում ենք այս հարցը բաղդատել, տեսնում ենք, որ իրականում խնդիր կա հենց ինքնին ձևակերպման մեջ։ Բայց կարևոր է հասկանալ՝ ո՞րն է պատճառը, որ նման ձևակերպում և հարցադրում կարող է գոյություն ունենալ մեր իրականության մեջ։ Ես կարծում եմ՝ պատճառներից մեկը այն է, որ Հայաստանում արդարադատությունը շատերին հասկանալի չէ, որովհետև ես այս ընթացքում իմ շփումների, քննարկումների արդյունքում հասկացել եմ, որ մենք ունենք նաև արդարադատության լեզվի հետ կապված խնդիր։ Եվ այդ լեզուն ոչ միայն բարդ է, այլ երբեմն այդ բարդությունն օգտագործվում է պատճառահետևանքային կապերի բացակայությունը թաքցնելու համար»,- նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հանրային հարցադրումները, թե արդյոք արդարադատությունն ու արդարությունը նույնն են, բխում են հենց այդ խզումից:
«Երբեմն, երբ քննարկումներ են տեղի ունենում՝ հանրային կամ ոչ հանրային դաշտում, փաստարկը փաստարկի հետևից է գալիս, բայց մի պահից սկսած իրավաբանական հանրությունը սկսում է օգտագործել այնպիսի բառապաշար, որը մեզ՝ սովորական մահկանացուներիս, հասանելի չէ։ Եվ դրանով խոսակցությունն ավարտվում է։ Ասվում է՝ ահա կապերը այսպիսին են, բայց այդ կապերը երբեմն տեսանելի չեն։ Եվ այստեղից էլ, գուցե, առաջանում է այն վակուումը, որի մասին մենք խոսում ենք»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երդվյալ ատենելակների դատարանի գաղափարը ևս կապ ունի վերը նշվածի հետ։ Վարչապետը պարզաբանեց՝ երբ կողմերը չեն կարողանում երդվյալ ատենակալներին հասկանալի լեզվով բացատրել, թե ինչն ինչոց է, դա հենց կողմերի խնդիրն է։
«Հիմա մեր խնդիրն է, որ մենք կամ հանրությունը երբեմն չենք կարողանում հասկանալ, թե ինչն ինչոց է։ Ես մի զուգահեռ բերեմ, որն ուղղակի չի, մեթոդական է։ Երբ քննարկվում է մշակույթը, հանրությունը պետք է հաղորդակցվի մշակույթի հետ, հասկանա այդ մշակույթը։ Բայց, օրինակ, ասվում է, որ սա էլիտար մշակույթ է, սա ոչ բոլորը պետք է հասկանան, սա նեղ շրջանակի համար մշակույթ է, բայց հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչի համար է ինքը հարկեր վճարում, որպեսզի պահպանի որոշ մշակութային հաստատություններ, որպեսզի դրանք էլ արտադրեն մշակույթ, որն անցնում է դատարկ դահլիճներում՝ այն պատճառով, որ այդ մշակույթը իրեն հասկանալի չէ։ Նույնն էլ արդարադատության դեպքում է։ Ասվում է, որ կան իրավական բարդ հանգույցներ, նրբություններ, որը իրականում այդպես է, ես չեմ ասում, որ չկան բարդ իրավական հանգույցներ, ես ասում եմ, որ հանրությունը պետք է հասկանա, թե ինչ է տեղի ունենում և ինչու։ Այստեղ է առաջանում ճեղքը, որ մարդիկ չեն հասկանում պատճառահետևանքային կապը»,- եզրափակեց Փաշինյանը։
Համաժողովի կազմակերպիչը ՀՀ Արդարադատության նախարարությունն է։ Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվում արդարադատության իրականացման արդյունավետությանը, դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, բարեփոխումների ազդեցությանը, խափանման միջոցների կիրառման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերին։
Առանձին քննարկումներ նվիրված են դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը, իրավապահ մարմինների վարույթային գործողությունների և դատական քննության ժամկետների փոխազդեցությանը, ինչպես նաև արդարադատության և դատավարական չարաշահումների փոխկապակցվածությանը։