Չենք կարող հստակ իմանալ, թե կրակոցները կոնկրետ գյուղի ուղղությամբ են, թե՝ ոչ, բայց կրակոցներ իհարկե, լսվում են, ու պարբերաբար, ամեն գիշեր կրակում են գյուղի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի  սահմանամերձ Մովսես գյուղի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը:

«Ցերեկները չեն կրակում, բայց գիշերները կրակում են: Վերջին անգամ անցած գիշեր են կրակել: Մի շաբաթից ավել է, որ ամեն գիշեր կրակում են»,-ասաց նախկին գյուղապետը:

Հարցին, թե արդյոք այս գարնանացանի շրջանում բնակիչները չեն վախենում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով՝ պատասխանեց. «Մենք արդեն  սովոր ենք, վախենալու բան չկա էլ, բայց դե, որ երկար ժամանակ է չէին կրակում, ու հիմա կրակում են՝ բնականաբար կան անհանգստություններ»,-եզրափակեց Պապյանը:

Մովսես գյուղի  Մշակույթի տան աշխատակից Կարինե Ապերյանն էլ  Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ բարեբախտաբար, կրակոցները բնակիչների ուղղությամբ չեն եղել. «Օդ են կրակում, բնակչության ու պոստերի վրա չեն կրակում, վերջին անգամ անցած գիշերը ժամը մեկին են կրակել», -ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել