Մի վանական դպրոցում երեխաներ էր սովորեցնում: Աշխարհում ամենից ավելի նա սիրում էր ուտել ու քնել: Եվ ամեն անգամ աշակերտների մոտ գնալուց առաջ նա այնքան շատ էր ուտում, որ հազիվ էր տեղից շարժվում:
Դպրոց հասնելով` վանականը շուտով թաղվում էր խոր քնի մեջ եւ այնքան էր քնում, մինչեւ որ զանգի հարվածն ազդարարում էր դասի ավարտը:
Աշակերտների մեջ կար մի աղքատ գյուղացու տղա, անունը` Լի:
Մի անգամ Լին վանականին ասաց.
- Մեծարգո եւ մեծապատիվ ուսուցիչ, համարձակվում եմ հարցնել ձեզ, ինչո՞ւ դուք բոլոր դասերին քնում եք:
- Սիրելիս, - առանց շփոթվելու պատասխանեց վանականը, - այդ միայն թվում է ձեզ, թե ես քնած եմ: Իրականում այդ րոպեներին ես հանդիպում եմ Բուդդային եւ լսում նրա իմաստուն խոսքերը:
Մի օր պատահեց, որ Լին ամբողջ գիշերը խնամում էր իր հիվանդ հորը, իսկ առավոտյան, երբ եկավ դպրոց, քունը տանում էր, եւ դասի ժամանակ քնեց: Նա այնպես խոր էր քնել, որ զանգի ձայնն էլ չլսեց, որից վանականն արթնացավ:
Վանականը տեսավ, որ Լին քնած է, եւ խիստ զայրացավ:
Նա բռնեց տղայի ականջը եւ գոռաց.
- Ա՛խ դու, կրիայի ձու: Ինչպե՞ս ես համարձակվում քնել իմ դասին:
- Պարոն ուսուցիչ, - ասաց Լին: - Այդ միայն թվում է, թե ես քնած եմ: Իրականում ես Բուդդայի մոտ էի եւ լսում էի նրա իմաստուն խոսքերը:
- Իսկ ի՞նչ ասաց քեզ ամենակարող Բուդդան:
- Ամենակարող Բուդդան ասաց. «Ես իմ օրում երբեք քո ուսուցչին չեմ տեսել»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Arevelq/posts/662965263722367
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել