Հարց`
«Բարև Ձեզ, բժիշկ: 29 տարեկան եմ, արդեն մոտ 1 տարի է՝ ունեմ դաշտանային ցիկլի խանգարում: Միշտ եղել է 28 օրը մեկ, սակայն ներկայումս միշտ ուշանում է: Նկատել եմ նաև, որ սկսել եմ գիրանալ՝ չնայած քիչ եմ ուտում: Մաշկս շատ յուղոտ է դարձել, դեմքիս շրջանում ավելորդ մազերի աճ եմ նկատում, ունենում եմ գլխացավեր, տրամադրության անկում, շուտ եմ նյարդայնանում: Ասացեք խնդրում եմ՝ հնարավո՞ր է բուժել այս երևույթը, այս ամենը կարո՞ղ է անդրադառնալ ապագայում հղիանալու վրա:»
Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին:
Բարև Ձեզ,
Ըստ նկարագրության՝ Դուք ունեք հորմոնալ խանգարում, այդ պատճառով էլ առաջացել է գիրություն, որն էլ իր հերթին հանգեցրել է նյութափոխանակության խանգարման: Պետք է անպայման այցելել բժշկի, հանձնել համապատասխան հորմոններ, ստուգել վահանագեղձի ֆունկցիան, քանի որ այն նույնպես մեծ դեր է խաղում կնոջ օրգանիզմում և կապված է հորմոնալ համակարգի հետ: Անհրաժեշտ է կատարել փոքր կոնքի խոռոչի (արգանդ, ձվարաններ) սոնոգրաֆիա, պարզել՝ կատարվու՞մ է ձվազատում, թե՞ոչ, հերքել հարակից հիվանդությունների առկայությունը: Լիարժեք հետազոտվելուց և պատճառները պարզելուց հետո ունենալ ախտորոշում, որից անմիջապես հետո անցնել համապատասխան բուժման: Բուժումն իր մեջ ներառում է առաջին հերթին քաշի իջեցում (նյութափոխանակության խանգարման շտկում), հորմոնալ համակարգի և դաշտանային ցիկլի կարգավորում, ձվազատման խանգարման առկայության դեպքում՝ ձվազատման վերականգնում:
Միայն ճիշտ ժամանակին բուժում ստանալով ապագայում զերծ կմնաք վերարտադրողական համակարգի հետ կապված խնդիրներից: