
Արգենտինան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը, որը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։
«Արգենտինայի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և գնահատում նրանց ջանքերը՝ իրենց տարաձայնություններին խաղաղ լուծում գտնելու գործում։
Արգենտինան լիահույս է, որ այս գործընթացը կնպաստի երկու երկրների զարգացմանն ու բարեկեցությանը՝ ապահովելով կայունություն և բարգավաճում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։