Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը պարզաբանում է տարածել՝ կապված նախկին Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանի կարգալուծության վերաբերյալ:

Պարզաբանման մեջ նշվում է. «Արմեն քահանա Մելքոնյանը քահանայական օծումը ստացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր իշխանության տարածքում՝ Բերիո թեմի (Սիրիա) առաջնորդ Տ. Սուրեն արք. Գաթարոյանի ձեռամբ՝ ծառայելու Սիրիայի հայկական համայնքներում։ Այնուհետև թողել է ծառայության վայրը և փոխադրվել Եվրոպա։ Ընդառաջ թեմակալի խնդրանքին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտոնությամբ իր ծառայությունը շարունակել է Գերմանիայի հայոց թեմում։

Գերմանիայի հայոց թեմից հետո նա ծառայության է տեղափոխվել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն, ի մասնավորի Բելգիայի և Հոլանդիայի հայոց համայնքներ։ Ծառայության ընթացքում Արմեն քահանայի գործունեությունը պարբերաբար ընդգրկվել է Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում՝ մասնավորաբար առանց հոգևոր իշխանության արտոնության իր ծառայության վայրից դուրս գործունեություն իրականացնելու և եկեղեցական իշխանության նկատմամբ զրպարտչական, անարգալից բնույթի լուրեր տարածելու ու հավատացյալների շրջանում խառնակչություն և գայթակղություն ստեղծելու համար։

Նախկին Արմեն քահանան 2018 թվականին մասնակցություն է ունեցել նաև, այսպես կոչված, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական խմբի գործողություններին։

Հակառակ, որ եկեղեցական իշխանությունը նախկին Արմեն քահանային հնարավորություն է տվել հիշյալ կարգազանցություններն ու հակաեկեղեցական դրսևորումները շտկելու, սակայն վերջինս շարունակել է իր հակականոնական ընթացքը։

Այսպես՝ Արմեն քահանան, շրջանցելով առաջնորդական տեղապահին, 2024 թվականին կապի մեջ է մտել Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին հակառակ գործող Բուլղարիայի հայոց թեմի որոշ անդամների հետ և նույն թվականի նոյեմբերի 5-ից ինքնակոչ քահանայական ծառայություն է իրականացնում Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում։ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Արմեն քահանային գրավոր նամակով հորդորել է դադարեցնել իր հակականոնական ընթացքը և վերադառնալ իր նախկին ծառայության վայր: Սակայն վերջինս մերժել է Սրբազան Հոր կոչը և առ այսօր շարունակում է հակականոնական ընթացքը Բուլղարիայի հայոց թեմում:

Այսպիսով, սպառված համարելով նախկին Արմեն քահանային կանոնական դաշտ վերադարձնելու հնարավոր բոլոր միջոցները և հիմք ընդունելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Արմեն քահանայի կարգազանց ընթացքի ու հակականոնական գործողությունների վերաբերյալ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը՝ Արմեն քահանա Մելքոնյանը հռչակվել է կարգալույծ հետևյալ կանոնական շեղումների համար․

  • եկեղեցականի հնազանդության ուխտի դրժում,
  • ծառայության վայրի ինքնակամ լքում,
  • առանց թեմակալ առաջնորդների արտոնության՝ եկեղեցա-վարչական այլ տարածքում հովվական ծառայության իրականացում,
  • հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ անհնազանդության դրսևորում,
  • հրապարակային ելույթներում եկեղեցական բարձրագույն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ անարգալից վերաբերմունքի դրսևորում և զրպարտչական հայտարարություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել