168.am-ը գրում է․

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բեքայն ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիա-Իրան հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի վերաբերյալ վերջին հայտարարությունների մասին հարցին, նա ասել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին: Մեր հարաբերություններում առկա է ընդհանուր շահերի խնդիր, բացի այդ բոլորը գիտեն, որ Թուրքիայի հետ վաղուց ունենք տարակարծություններ:

Երկու կողմի հաջողությունն էլ տարակարծությունների կառավարումն է բավականին խելամիտ կերպով։ Ուշագրավ է, որ երկու կողմերն էլ սա անում են՝ լավ հարաբերությունները չփչացնելով:

Միևնույն ժամանակ մեր լսած խոսքերը կառուցողական չէին և պետք էր, որ Իրանը շատ հստակ հայտարարեր իր դիրքորոշման մասին»:

Հիշեցնենք, որ Ֆիդանը արաբական «Al Jazeera» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել էր Իրանի տարածաշրջանային քաղաքականության մասին՝ հայտարարելով, որ Իրանը օգնում է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG):

«Իրանի նախկինում վարած քաղաքականության շարունակականությունը ճիշտ ճանապարհ չի լինի: Իրանը նոր ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերից մեծ դասեր է քաղել: Այլևս հին սխալները շարունակելու ժամանակը չէ»,-հայտարարել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել