Lurer.com-ը գրում է.

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում շարժասանդուղքների փոխարինման համար ծախսվել է մոտ 220 մլն դրամ։ Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Երևանի քաղաքապետարանաի գործակարգավարական խորհրդատվության ժամանակ ասաց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Նա ընդգծեց, որ այնտեղ 3 շարժասանդուղք է փոխարինվել, իսկ այժմ նմանատիպ աշխատանքներ են տարվում «Սասունցի Դավիթ» կայարանում։

«Սասունցի Դավիթ» կայարանում 3 շարժասանդուղքի փոխարինման աշխատանքներն ընթացքում են, որից մեկն արդեն ավարտել ենք ու շահագործման է հանձնվել։ Մյուս երկուսը կավարտենք մինչև մայիսի 30-ը։ Այստեղ ծախսվել է 115 մլն դրամ»,– նշեց Սեդրակյանը։

Նա այս տվյալները ներկայացրեց, քանի որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցանկացավ հանրությանը ցույց տալ, թե որքան գումար է ծախսվում այդ գործընթացն իրականացնելու համար ու թե քանի ավտոբուս էր հնարավոր բերել այդ փողով։

«Սա էլ է շատ ծախսատար գործընթաց։ Էսքան շարժասանդուղքի փոխարինման գումարով վստահաբար բավականին մեծ քանակի ավտոբուս կկարողանայինք ձեռք բերել»,– նշեց Ավինյանը։

Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը նաև ընդգծեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 443 216 մարդ։ Գիծ է դուրս բերվել 2910 գնացք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել