Ղազախստանի ՆԳՆ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության եւ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ գործողության արդյունքում կասեցվել է Երեւանում գործող երկու խարդախ call-կենտրոնների գործունեությունը։ Այս մասին հայտնել է 24KZ-ը՝ հղում կատարելով Polisia.kz-ին։

Բռնվել են տրանսազգային հանցավոր խմբի կազմակերպիչներն ու մասնակիցները, որոնք խաբել են Ղազախստանի եւ եվրոպական մի շարք երկրների քաղաքացիների՝ առաջարկելով նրանց ներդրումներ կատարել կեղծ ընկերություններում։

Ղազախստանի ՆԳՆ կիբեռհանցագործության դեմ պայքարի վարչության պետ Ժանդոս Սույինբայի խոսքով՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, 30 հազար դոլար, ռուսական ռուբլի, վրացական լարի, հինգ ավտոմեքենա եւ կրիպտոարժույթի դրամապանակ։

Հատուկ գործողության ընթացքում բռնվել է 41 մարդ՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի եւ Լիբանանի քաղաքացիներ։ Ներկայում Հայաստանի իրավապահ մարմիններն իրենց ղազախ գործընկերների աջակցությամբ շարունակում են քննչական եւ օպերատիվ գործողությունները՝ խարդախության բոլոր դրվագները, հանցակիցներին եւ պատճառված վնասի չափը բացահայտելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել