Առաջ սիրում էի գրել, խոսել, մտնել բուռն վիճաբանությունների մեջ, ապացուցել տեսակետիս ճշմարտությունը: Կորավ: Անվերադարձ կորավ: Ես ասելու բան չունեմ: Չեք հետաքրքրվում որևէ բանով: Կարծես, Ձեր կյանքը պարփակված լինի մի սրվակի մեջ: Ամեն մեկինդ: Որի մեջ կա սոցցանցերի Ձեր իսկ ստեղծած կերպարը` վերացական մի բան, Ձեր երազած "ԵՍ"-ը: Շատ ավելի հաջողակ ու շատ ավելի հաջողված: Ես նայում եմ ընկերներիս "այսօր վատ եմ քնել", "գլուխս ցավում է" կամ "դե զզվելի է արդեն"-ներին ու տեսնում իրենց միայնությունից խուսափելու, ուրիշների ուշադրությունը գրավելու մոլեգին ցանկությունը:
Եկեք լռենք:
Չեք կարդում, չեք սիրում կարդալ: Ու երևի թե չէիք կարդա ընդհանրապես, եթե կորչեր ֆեյսբուքում կարդացած գրքի նկարը տեղադրելու հնարավորությունը, այլ կերպ ասած, Ձեր անձնական ցանկությունը բավարարելու սոցիալական, մասսայական կողմը:
Եկեք լռենք:
Դուք չեք հետաքրքրվում մեր ապագայով: Նորություններ, քաղաքականություն, մշակույթ...Կարդում եք արդյո՞ք, թե ի՞նչ է կատարվում աշխարհում, թե՞ մինչև դա չհարի Ձեր փոքրիկ աշխարհին, Ձեր իրականությանը, Ձեզ դա չի հետաքրքրի:
Եկեք լռենք:
Մենք տարբեր ենք խոսելիս: Իսկ լռության մեջ դա այնքան էլ նկատելի չէ: Չնայած...Խոսեք, խոսեք Ձեր կյանքից, առօրեական հոգսերից, օրվա վատ կամ լավ լինելուց, չհաջողված նկարներից: Մասսայական բողոքեք, հայտնեք ամեն մանրուք Ձեր կյանքից, թող բոլորն իմանան, տեսնե՞ս, իրական կյանքում էլ Դուք մոտենում եք բոլոր ծանոթ-անծանոթներին և ասում "մրսում եմ" կամ "վատ երազ եմ տեսել...": Խոսեք, ես կլսեմ, կնայեմ, "կլայքեմ": Բայց ես Ձեզ հետ խոսելու բան չունեմ:
Եկեք...Լռեմ...



