
Lurer.com-ը գրում է․
ԱՄՆ չորս կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար։
Նամակն ուղարկվել է կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեի, Գաս Բիլիրիակիսի, Բրեդ Շերմանի և Դեյվիդ Վալադաոյի անունից։
Իրենց նամակում կոնգրեսականներն առաջարկում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել Մագնիտսկու ակտի շրջանակներում, ինչպես նաև պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը հայտնվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման մեջ։
Ընդգծվում է նաև Բաքվում անարդարացիորեն պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։
Կոնգրեսականներն իրենց նամակում ԱՄՆ պետքարտուղարի ուշադրությունն են հրավիրում նաև Սիրիայի հայ համայնքի և նրա հարուստ քրիստոնեական ժառանգության վրա։