Replik.am-ը գրում է.
Հայաստանում «ապահովությունը» միայն աստծու հետ պետք է կապել: Ինչքան էլ, որ մեր փառապանձ կառավարիչները չխոսեն երկրում անապահովության հաղթահարման մասին, մեկ է մենք էլի այն կարծիքին ենք, որ նրանց մոտ այդ արտահայտությունը լոկ բառերի համադրում է և լոռեցիաբար ու մշտապես օրախնդիր կրկնում ենք,-«…Մի կտոր չոր հաց, էն էլ հրե՛ն հա, երկնքից կախված…»: Խոսում են ու խոսում, խոստանում են ու խոստանում, սակայն իրականում ոչ մի բան չեն անում և չեն էլ անելու, քանի մարդիկ իրենցից հետևողականորեն պահանջելու փոխարեն, բռնում են արտագաղթի ճանապարհը: Եկեք մի պահ մեկ կամ երկու տարով հետ գնանք, այս երկու տարվա մեջ մեկը մյուսից ավելի նշանակալի իրար հաջորդող մի քանի ընտրություններ եղան և ամեն մի ընտրության ժամանակ այնքան կարգախոսների ականատես դարձանք, որ հիմա հանգիստ կարող ենք արձանագրել, որ եթե այդ կարգախոսների 5 տոկոսն էլ իրականացված լիներ, ապա գոնե այսքան վատ չէր լինի: Հիշում ե՞ք, ինչեր էին խոսում նախըտրական արշավների ժամանակ,-«Հավատացեք մեզ, այլևս հայը սոված չի քնելու, հավատացեք և կտեսնեք, թե ինչպես եք օր օրի ավելի լավ ապրում, կտեսնեք, թե ինպես կվերանա կաշառակերությունը, կոռուպցիան, ամենաթողությունը, անպատժելիությունն այլևս տեղ չեն ունենա մեր հասարակարգում, հավատացեք, հավատացեք, հավատացեեեեեեեեեեեեեեեք….»: Հավատացինք, հիմա ի՞նչ կհրամայեք անել, եթե մենք ոնց վատ ապրում էին մինչ տարբեր ֆորմատի ընտրությունները, այդպես էլ վատ ապրում ենք հիմա…, չէ´, այստեղ ես սխալվեցի, քանի որ այն ժամանակ գոնե գազի, լույսի սակագինը դեռ չէր բարձացել, գոնե այն ժամանակ տրանսպորտի սակագնի բարձրացման հարցը օդում կախված չէր, այն ժամանակ գոնե աճն այսպիսի տեմպեր չուներ…:
Հ.Գ Հարգելի´ կառավարիչներ, լավ ի՞նչ խորհուրդ եք տալիս, ի՞նչ անենք մենք հիմա` արտագաղթե՞նք, դրանով, իսկ ազատենք Ձեզ խոստումների իրականացման բարդություններից, թե՞ մնանք և ամեն օր հիշեցնենք, որ Դուք չեք կատարում Ձեր տված խոստումները, որ դուք ուղղակի պահի տակ խաբել եք մեզ, ինչ է հասնեք ձեր նպատակներին: Ինչևիցե խաբելը խաբեցիք մնաց, որ կարողանաք հանգիստ վայելել, չէ, որ դեռ պատմությունից հայտնի է, որ անապահով ժողովրդին խաբելն այդքան էլ հեշտ ու հանգիստ չի անցնում գնում: