Գլենդելում երեկ երկու շրջան կար, որտեղից տարհանել էինք քաղաքացիներին. այսօր առավոտյան արդեն հայտարարեցինք, որ բոլորը կարող են տուն վերադառնալ և վերադարձել են: Այս մասին այսօր` հունվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը:

«Ժամը 12-ին փակվեցին նաև աջակցության կենտրոնի դռները, որովհետև այս պահին դրա կարիքը չկա»,-ասաց Էլեն Ասատրյանը:

Նրա խոսքով, թեև Գլենդելում կրակ չկար, սակայն հրդեհի օջախներին մոտ թաղամասերից քաղաքացիները տարհանվել էին: Երեկ աջակցության կենտրոնում 100 քաղաքացի կար, այսօր բոլորը իրենց տներն են վերադարձել:

«Հայտարարվել է, որ առաջիկա օրերի ընթացքում քամին կարող է նորից ուժգնանալ, հրդեհի տարածման վտանգ կա, հուսով եմ, որ նախքան այդ հրշեջները կկարողանան մարել կրակը»,-ասաց Գլենդելի քաղաքապետը:

Նրա խոսքով, թեև քաղաքում կրակ չկա, սակայն օդը աղտոտված է, տներից դուրս գալ դեռևս շատ դժվար է:

Կալիֆորնիայում անտառային հրդեհներ են մոլեգնում հունվարի 7-ից։ Այն համարվում է նահանգի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։ Հրդեհի արագ տարածման պատճառ են դառնում ուժգին քամիներն ու ցածր խոնավությունը։

Զոհերի թիվը հասել է 10-ի: Լոս Անջելեսում շարունակվող հրդեհների պատճառով ավելի քան 180 հազար մարդու տարհանման հրաման է տրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել