Asparez.am-ը գրում է.
Ամասիայի բնակիչներ. «Ի՜նչ ջայլամ, ի՜նչ Աշոտ Աղաբաբյան»
«Ասպարեզը» ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց, թե արդյոք կյանքի կոչվե՞լ է Շիրակի մարզի Ամասիայի շրջանում իր նախաձեռնած ջայլամաբուծության ծրագիրը, որի մասին նա անընդհատ խոսում էր ԱԺ վերջին ընտրությունների քարոզարշավի ժամանակ: «Անկեղծ ասեմ, ծրագիրը իմ օրակարգում միշտ կա, սակայն այն իրականացնելու համար մեծ ֆինանսական ներդրումներ են հարկավոր, որին ես սպասում եմ, ես դրա ջատագովն եմ, քանի որ Շիրակի մարզն ինձ համար օդ ու ջուր է»: Իսկ որքա՞ն ներդրումներ են անհրաժեշտ ծրագիրը կյանքի կոչելու համար, հարցրեցի Ա.Աղաբաբյանին: Նա կոնկրետ թիվ չնշեց, սակայն պատասխանեց. «Բավականին լուրջ»: Ապա նշեց, որ ինքը երբեք հովանավորներ ման չի եկել: «Ավելի լավ է ես անեմ, քան թե հովանավորներ ման գամ: Ծրագիրն ընթացքի մեջ է, եթե մտքում կա, ուրեմն ընթացքի մեջ է: Մի քիչ ֆինանսական դժվարություններ կան, հենց դրանք հարթվեցին, կսկսեմ ծրագիրն իրականացնել: Ես մեծ արժեք՝ կապիտալ ունեմ, երբ այն վաճառեցի, կսկսեմ դրանով զբաղվել»,-նշեց ԱԺ պատգամավորը:
Նշենք, որ ջայլամները մեծամասամբ բնակվում են Աֆրիկայում, սակայն համապատասխան պայմանների առկայության դեպքում կարող են ապրել, գոյատեւել նաեւ Շիրակի մարզի պայմաններում: Սակայն մինչ օրս Ամասիայում ջայլամաբուծության ծրագիրը կյանքի չի կոչվել, ինչի մասին Ամասիայի մի քանի բնակիչներ մեզ հետ զրույցում նշեցին. «Պետք չէ ջայլամի քաղաքականություն վարել, մտածելով` գլուխը հողի մեջ կոխելով, քեզ ոչ ոք չի տեսնի: Մենք մինչեւ հիմա միայն խոստումներ ենք լսել, ի՜նչ ջայլամ, ի՜նչ Աշոտ Աղաբաբյան»:
Անահիտ Սիմոնյան