Tert.am-ը գրում է․
Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղի բնակիչ Էմմա Մելքումյանն ահազանգում է, որ իր ընտանիքի վարձակալած այգու շուրջ 80 պտղատու ծառերը հատվել են համայնքապետարանի կողմից մանկապարտեզ կառուցելու համար՝ պատճառելով 19,713,750 դրամի վնաս: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հողամասը վարձակալել են 1998 թվականից սկսած և պարտաճանաչ վճարել բոլոր վճարները:
«1998թ-ից մինչև 2022 թվականը մենք մշակել ենք այգին, ծառեր ենք տնկել, հողամասի նկատմամբ ունենք նախապատվության իրավունք, քանի որ 10 տարի և ավելի պարտաճանաչ իրականացրել ենք բոլոր պարտավորությունները: Դիմել ենք դատարան, գործը ձեր դատական ընթացքի մեջ է, դատավճիռը պետք է կայացվի, դեկտեմբերի 24-ին, բայց չորս օր առաջ Արտաշատի խոշորացված արդեն խոշորացված համայնքի ղեկավարն ուղարկել է խումբ, ովքեր էքսկավատորով մեր աչքի առաջ, տարիներով աճեցրած մեր պտղատու ծառերն ամբողջությամբ հատեցին:
24 տարվա մեր աշխատանքը, որ ճյուղը ծառ ենք դարձրել, որ պտուղ տա, քարերը մաքրել ենք, հողը մշակել, անմարդկային ու արհամարական ձևով հողին են հավասարեցրել: Դա էլ դեռ քիչ է, հաջորդ օրն ինչ-որ խումբ ուղարկեցին. այդ ամբողջ ցախը վերցրեին տարան, ամուսինս հարցրեց՝ ո՞ւր եք տանում, ասացին Կառլեն Մկրտչյանը որոշել է, որ դա կարիքավոր ընտանիքների համար է: Եթե այդպես է, մեր գյողում էլ կան շատ կարիքավորներ, Արցախից տեղահանվածներ, գոնե իրենց տային:
Էմմա Մանուկյանը նշեց, որ ոստիկանություն են կանչել, սակայն դա որևէ արդյունք չի տվել:
«Եկան, ընդամենն արձանագրություն կազմեցին, ոչ մեկից ոչ մի փաստաթուղթ, թուղթ, ոչ մի բան չուզեցին, իրենք էլ ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել, մի բան էլ՝ կոպիտ, անտաշ ձևով վերցրեցին, ցախը տարան: Ո՞նց կարելի է 20 տարեկան պտղատու ծառն արմատախիլ անել, մենք ոչ միայն ֆինասնական, այլև բարոյական վնաս ենք կրել»,- ասաց նա:
Էմմա Մելքումյանի խոսքով, գյուղի գլխավոր հատակագծով մանկապարտեզի համար կա նախատեսված տարածք, սակայն փոխարենը որոշել են մանկապարտեզ կառուցել վթարային շենքի տարածքում: Մելքումյանը նշեց, որ այս հարցով արդեն դիմել է ՄԻՊ-ին, պատրաստվում է դիմել նաև մի շարք կառույցների: