Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել են Կորեայի Հանրապետության դեսպանության և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

«Անցնող տարվա ընթացքում կորեացի գործընկերների հետ արձանագրել ենք կառուցողական համագործակցություն»,- նշել է նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն` ընդգծելով հատկապես առողջության համապարփակ ապահովագրության, բժշկական ծառայությունների որակի բարելավման և էլեկտրոնային առողջապահության ոլորտում կորեական լավագույն փորձի ուսումնասիրությունը: Նա կարևորել է նաև Երևանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության գրասենյակի բացումը, ինչը կնպաստի հետագա համագործակցությանը:

Ի նշան փոխադարձ բարեկամության և համագործակցության` Կորեայի Հանրապետության կառավարությունը Զարգացման պաշտոնական աջակցության (ODA) 2024թ. ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերել է շտապօգնության 6 մեքենա, որոնցով կթարմացվի Հանրապետական շտապօգնության ծառայության ավտոպարկը:

«Այս փուլում, երբ իրականացնում ենք շտապօգնության ոլորտի բարեփոխումներ, շտապօգնության ավտոպարկը ևս 6 մեքենայով համալրելը կօգնի ավելի լավ կատարել մեր առջև դրված խնդիրները»,- նշել է փոխնախարար Արմեն Գասպարյանը:

Քննարկվել է նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում հնարավոր աջակցության հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել