Մեկ-մեկ ինձ թվում է, թե Հայաստանում որոշ ուժեր մի հարմար ու փափուկ տեղ նստած որոշում են, թե հայերին առաջիկա 1 ամսվա համար «իրար ուտելու» ինչ թեմա պետք է տան, ապա նստում կողքից նայում ու զվարճանում են: Գուցե և սխալ չի թվում...

Ընտրությունները վերջացան, հերթը հասավ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին (նույնասեռականներ, համասեռամոլներ, սոդոմականներ... ինչպես կուզեք անվանեք... ինձ համար մեկ է): Սկզբում Օբաման ինչ-որ մի բան հայտարարեց ու հայերը սկսեցին թեժ քննարկել ԱՄՆ-ի անբարո կամ բարոյական վիճակը (կարծես Հայաստանում նամուսը խանութում են վաճառում), հետո ինչ-որ ակումբ միտումնավոր այրվեց Երևանում, էն էլ ակումբ մի ասա, մի «գեյ փաբ» ասա, ու հայ հանդուրժողներն ու անհանդուրժողականները մերկացրեցին սրերը:

Թեև մեկ անգամ արդեն հպանցիկ անդրադարձել եմ այս մոլար թեմային, այսօր ցանկանում եմ մի փոքր հանգամանալից խոսել, խոսել Աստվածաշնչի՝ քրիստոնյաների սուրբ գրքի դիրքերից, ուստի այն ինչ կգրեմ նախ և առաջ վերաբերում է քրիստոնյաներին կամ իրենց քրիստոնյա համարողներին:
Եթե ասեմ, որ Աստվածաշունչը հանդուրժողականություն քարոզող ու տարածող ամենամեծ գիրքն է, շատերը կզարմանան: Բայց այդպես է որ կա... Աստված ինքն էլ հանդուրժող է ամեն բանի և ամեն մեկի հանդեպ և անհանդուրժող է միայն ու միայն մեկ բանի՝ նորին ճղճիմություն ՄԵՂՔԻ  հանդեպ, իսկ համասեռամոլությունը, ինչպես և մյուս մոլությունները, ինչ խոսք, մեղք է...
Ստորև կներկայացնեմ սուրբգրային մեջբերումներ, որոնք ուղղակի կամ անուղղակի փաստում են համասեռամոլության հանդեպ Աստծո բացասական վերաբերմունքը: Իսկ թե այդքանից հետո ոչ ավանդական սեռական կողմնորոշման հանդեպ ինչպիսի «հանդուրժողականություն» կորդեգրեք քրիստոնյաներդ, թողնում եմ ձեզ՝ հիշեցնելով Սողոմոնի իմաստությունը. «Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին և ատելի պիտի լինի ազգերից» (Առակ. 24:24):

Հին Կտակարան

Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց։ Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:27-28, 9:1):

Տերն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են»։
Սոդոմացիների քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչև ծերը, ամբողջ ժողովուրդը միասին պաշարեցին տունը, Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մոտ եկան։ Նրանց բե՛ր մեզ մոտ, որ կենակցենք նրանց հետ»։ Ղովտը դռնից դուրս՝ նրանց մօտ եկավ եւ դուռը փակեց իր ետևից։ Նա նրանց ասաց. «Քա՛վ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ գործեք այդ չարիքը» (Ծննդ. 18:20, 19:4-7):

Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է (Ղևտ. 18:22

Եթե որևէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն (Ղևտ. 20:13)։ 


Նոր Կտակարան

Նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս։ Ամեն։ Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի. որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։ Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորությանհատուցումը (Հռոմ. 1:25-27

Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն (Ա Կորնթ. 6:9-10 հմմտ. Գաղ. 5:19-21

Արդարների համար չէ օրենքը, այլ՝ անօրենների և անհնազանդների, ամբարիշտների և մեղավորների, անմաքուրների և պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, պոռնիկների, արվամոլների, մարդագողերի, ստախոսների, սուտ երդվողների, այլև ամեն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետության, վարդապետություն, որ համապատասխանում է երանելի Աստծու փառավոր Ավետարանին, որին և հավատարիմ եղա ես (Ա Տիմ. 1:9-11

Հ.Գ. Չմոռանանք՝ քրիստոնյայի պայքարը մարդու դեմ չէ, այլ՝ մեղքի: Աստված բոլորիս հետ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել